Բավ է պառակտվել
25-01-2014 14:47

Իրավաբանը Լ. Ներսեսյանը ՌԴ մեկնողներին բացատրում է օրենքում կատարաված փոփոխությունները

Այսօր, լրագրողների հետ հանդիպմանը իրավաբան Լիլիթ Ներսեսյանը  ներկայացրեց «ՌԴ-ից ելքի և ՌԴ մուտքի մասին» և «ՌԴ-ում օտարերկրյա քաղաքացիների իրավական կարգավիճակի մասին» դաշնային օրենքներում կատարված փոփոխությունները: Նա խորհուրդ տվեց  արտագնա աշխատանքի մեկնողներին կնքել աշխատանքային պայմանագիր, որը այս օրենքի կարգավորումից դուրս է, և այդ դեպքում օրենքը չի տարածվի նրանց վրա։

Համաձայն օրենքի` 2014թ. հունվարի 1-ից ՌԴ առանց վիզա մուտքի իրավունք ունեցող պետությունների քաղաքացիները (այդ թվում՝ Հայաստանի Հանրապետության) կարող են ՌԴ տարածքում մնալ 90 օր յուրաքանչյուր 180 օրվա ընթացքում։ Այսինքն՝ եթե նախկինում ոչ վիզային երկրների քաղաքացիները Ռուսաստանում կարող էին մնալ 90 օր` 365 օրվա ընթացքում, ապա ներկայում այդ ժամկետը դարձել է 180 օր՝ վեց ամիս: Բացի այդ, եթե նախկինում, չունենալով կացության կարգավիճակ, 90-րդ օրը կարող էին հատել սահմանը և կացության կարգավիճակ ապահովել, ապա օրենքների փոփոխությամբ նման պրակտիկան դադարում է գործել և երեք ամիս պետք է ՌԴ-ից դուրս մնալ և նոր միայն ՌԴ մուտք գործել։

Իրավաբանը ներկայացրեց այն բացառությունները, որոնց դեպքում 90-օրյա ժամկետի պայմանը չի տարածվում։ «Նշյալ ժամկետը չի տարածվում բարձր որակավորում ունեցող մասնագետների վրա։ Նրանք կարող են գտնվել 90 օրից ավել, այն պայմանով, եթե նրանք կնքել են աշխատանքային պայմանագիր։ Ընդ որում՝ դա տարածվում է ոչ միայն բարձր որակավորում ունեցող մասնագետների վրա, այլ նաև՝ նրա ընտանիքի անդամների»,- ասաց նա և նշեց, որ նույն օրենքը սահմանում է, թե ինչ ասել է բարձր որակավորում. այն հիմնականում գիտնականներին է վերաբերվում, որոնց աշխատավարձը պետք է լինի 1 մլն ռուբլուց ավելի, երկրորդ կատեգորիան արտադրական բնագավառի մասնագետներն են՝ 700 000 ռուբլուց ավելի և բարձր տեխնոլոգիայի մասնագետներինը՝ 2 մլն-ից ավելի աշխատավարձով: 90 օրից ավել կարող են գտնվել ՀՀ և օտարերկրյա քաղաքացիներն այն պարագայում, երբ, օրինակ, նրանք մեկնում են արտագնա աշխատանքի և իրենց գործատուների հետ կարող են կնքել աշխատանքային պայմանագրեր, որոնք վերաբերվում է աշխատանքների կատարմանը, ինչպես նաև ծառայությունների մատուցմանը»,- հավելեց Լիլիթ Ներսեսյանը:

Բացառությունը վերաբերվում է նաև նրանց, ովքեր մեկնել են ՌԴ՝ կրթություն ստանալու, և այդ պարագայում արդեն ժամկետը սահմանվում է կրթության տարիների ժամկետով։