Բավ է պառակտվել
28-03-2014 12:14

Սահմանադրական Դատարանում քննվում է կուտակային կենսաթոշակների մասին օրենքը (տեսանյութ)

Այսօր, մարտի 28-ին Հայաստանի Սահմանադրական դատարանը սկսել է լսումներ՝ կապված հայցի հետ, որի համաձայն վիճարկվում են «Կուտակային կենսաթոշակների մասին» սկանդալային օրենքի մի շարք դրույթներ, մասնավորապես, դրա պարտադիր բաղադրիչը: Մի շարք դրույթների վիճահարույց լինելու վերաբերյալ հայցը ներկայացրել են ՀՅ Դաշնակցության պատգամավոր Արծվիկ Մինասյանը, իրավապաշտպան Արտակ Զեյնալյանն ու փաստաբան Մերի Խաչատուրյանը:

Հիշեցնենք, որ Հայաստանում այս տարվա հունվարի 1-ից ներդրվել է պարտադիր կուտակային կենսաթոշակային համակարգը: Այն ենթադրում է, որ 1974թ հունվարի մեկից հետո ծնված քաղաքացիներրի աշխատավարձերից պարտադիր կերպով մասնավոր ֆոնդերում պահվելու է 5 տոկոսը, եւս հինգ տոկոս վճարելու է պետությունը: Նշենք, որ օրենքը դժգոհություն է առաջացրել քաղաքացիական հասարակության շրջանում՝ սկիզբ տալով «Դեմ եմ» շարժմանը: Նոր օրենքին դեմ են նաեւ խորհրդարանական ոչ կոալիցիոն չորս ուժերը՝ հավաստիացնելով, որ պարտադիր բաղադրիչը հակասահմանադրական բնույթ կրում:
Իրավաբան Մերի Խաչատրյանի ելույթից հետո դիմող կողմից զեկույցով հանդես է եկել ՀՅԴ-ական Արծվիկ Մինասյանը և նշել, որ ընդունելի չի կարող լինել պարտադիր կուտակային կենսաթոշակային համակարգի պարտադիր բաղադրիչի կողմնակիցների բերած այն փաստարկը, որ պարտադիր բաղադրիչը արժանապատիվ կենսաթոշակ է ապահովելու ապագա սերունդներին, քանի որ պետության պարտականությունը արժանապատիվ կենսաթոշակ ապահովելու մասով չի կարող վերաբերել միայն մի անձին կամ սերնդին:

«Ներկա կենսաթոշակառուներին չապահովելով արժանապատիվ կենսաթոշակով՝ կուտակային պարտադիր բաղադրիչը չի երաշխավորում դրա գործադրման դեպքում ապագա սերունդների արժանապատիվ կենսաթոշակ ստանալու հնարավորությունը: Այն, որ օրենքի 49-րդ հոդվածի համաձայն մասնակիցների կատարած վճարումների ամբողջ գումարի ճշգրտված տարեկան գնաճով վերադարձելիությունը 80%-ով երաշխավորում է ՀՀ-ն, հակասության մեջ է մտնում «Բյուջետային համակարգի մասին» օրենքի 11-րդ հոդվածի հետ»,-ասաց նա և հավելեց, որ համաձայն այդ օրենքի դրույթի՝ տվյալ բյուջետային տարում երաշխավորվող պարտականությունների ընդհանուր գումարը չի կարող գերազանցել նախորդ բյուջետային տարվա պետական բյուջեի հարկային եկամուտների 10%-ը:
«Պարզագույն հաշվարկներն անգամ վկայում են, որ կուտակվող միջոցները մի քանի անգամ գերազանցելու են օրենքով նախատեսված սահմանափակումները: Հետևաբար, նշված երաշխիքը համաչափ և իրավական չէ»,-նշեց նա: