Բավ է պառակտվել
10-07-2014 18:48

Երևանի քաղաքապետը շրջայց է կատարել Էրեբունի վարչական շրջանում

Երևանի քաղաքապետ Տարոն Մարգարյանը 2014 թվականի շինբարեկարգման ծրագրով նախատեսված աշխատանքների ընթացքին տեղերում ծանոթանալու նպատակով այցելել է Էրեբունի վարչական շրջան:

Վարչական շրջանի ղեկավարի ուղեկցությամբ քաղաքապետն այցելել է Նոր Արեշ 127/3 հանրակացարանային շենքի հարակից տարածք, մասնակցել բակի բացման հանդիսավոր արարողությանը: Տարոն Մարգարյանը բնակիչների հետ միասին շրջել ու ծանոթացել է կատարված աշխատանքներին: Պատասխանատուները զեկուցել են, որ կատարված աշխատանքների շրջանակում տարածքը հիմնովին բարեկարգվել է և ապահովվել բնակիչների հանգստի կազմակերպման համար անհրաժեշտ բոլոր պայմաններով՝ ինչպես երեխաների, այնպես էլ մեծահասակների համար:

Բակը կահավորվել է զրուցարաններով ու նստարաններով, խաղահրապարակի առանձնացված հատվածն էլ՝ մանկական խաղերով ու մարզագույքով: Տարածքում անցկացվել է նաև ոռոգման նոր ցանց, և արդեն աշնանը այստեղ կկազմակերպվի ծառատունկ: Զեկուցվել է նաև, որ քաղաքապետի հանձնարարությամբ աշխատանքների մեկնարկից ակտիվ համագործակցություն է եղել բնակիչների հետ: Երևանի քաղաքապետը պատասխանատուներին հանձնարարել է հատուկ ուշադրություն դարձնել բակերի կանաչապատման աշխատանքներին և ակտիվացնել այդ ուղղությամբ ձեռնարկելիք քայլերը:


«Եթե նախորդ տարի բարեկարգվեցին 400 բակեր, ապա արդեն այս տարի, մեր խոստմանը համաձայն, կբարեկարգվի ու բնակիչներին կհանձնվի շուրջ 600 բակային տարածք: Վստահ եմ, որ առաջիկա տարիներին բակերի բարեկարգման խնդիր մայրաքաղաքում այլևս չենք ունենա: Բակերի բարեկարգման ծրագրում մեզ համար առաջնահերթը երևանցիների համար հարմարավետ միջավայր ստեղծելն է: »,-ընդգծել է Տարոն Մարգարյանը: Քաղաքապետ Տարոն Մարգարյանը, հաշվի առնելով, որ Էրեբունի վարչական շրջանում է գտնվում նաև «Էրեբունի» պատմահնագիտական արգելոց-թանգարանը, անդրադարձել է հնավայրի վերականգնման, թանգարանի արդիականացման և այցելուների սպասարկման բարելավման եռամյա ծրագրին՝ ընդգծելով, որ դրա ամբողջական իրագործումն իսկապես անհրաժեշտություն է. «Ամրոցի խնդիրները մշտապես եղել են քաղաքային իշխանությունների հատուկ ուշադրության կենտրոնում և բոլոր ժամանակներում էլ միջոցներ հատկացվել են ինչպես բուն ամրոցի, այնպես էլ պատմահնագիտական արգելոց-թանգարանի խնդիրները կարգավորելու համար:»,- ընդգծել է Տարոն Մարգարյանը:

Հարկ է նշել, որ այս համատեքստում արդեն իսկ իրականացվել է ամրոցի միջնաբերդի և հարակից տարածքի գիշերային լուսավորության ապահովումը, հենաշարժողական խնդիրներ ունեցող անձանց համար տարածքում կառուցվել են թեքահարթակներ, թանգարանի շենքում էլ տեղադրվել է ջերմախոնավության համակարգ: