Բավ է պառակտվել
11-04-2016 09:27

Հայազգի գեներալները կմիավորվեն Կոմանդոսի ծրագրով

Գեներալ-մայոր Արկադի Տեր-Թադևոսյանը (Կոմանդոս) աշխարհի բոլոր երկրներում բնակվող հայազգի բարձրաստիճան սպաներին և ռազմական փորձագետներին կոչ է արել միանալ իր առաջարկած ծրագրին, որով նախատեսվում է ռազմա-ուսումնական կենտրոններում համապատասխան գիտելիքներ փոխանցել բոլոր նրանց, ովքեր ցանկանում են զինվորագրվել Հայոց բանակին:  Ծրագիրը մշակվել է` հաշվի առնելով Ադրբեջանի հերթական հարձակման ընթացքում սկիզբ առած ինքնաբուխ կամավորական շարժումը, որը հակառակորդին դիմագրավելու գործում իր ուրույն դերակատարությունն ունեցավ, Ստեփանակերտում մամուլի ասուլիսի ժամանակ ասել է Արկադի Տեր-Թադևոսյանը:

Ըստ Տեր-Թադևոսյանի` անհրաժեշտություն է զգացվում որոշակիորեն կազմակերպված բնույթ հաղորդել համաժողովրդական կամավորական շարժմանը, ինչպես նաև թարմացնել առաջնագիծ մեկնող ազատամարտիկների և մյուս կամավորականների ռազմական գիտելիքները:

Նա նշել է, որ իր կոչին արդեն արձագանքել են աշխարհի տարբեր երկրներից հայազգի գեներալներ: Հայտարարության տեքստում մասնավորապես ասվում է.

«Հարգելի աշխարհասփյուռ հայության գեներալներ և ռազմական փորձագետներ

Այսօր հայության առջև ծառացել են կենաց-մահու խնդիրներ: Պանթուրքիզմը փորձեց և շարունակելու է փորձել ծնկի բերել հայ ժողովրդին, որովհետև ՀՀ-ն և ԼՂՀ-ն են այդ գաղափարախոսության կյանքի կոչման հիմնական խոչընդոտներից մեկը: Իրենց յուրահատուկ վայրագությամբ և նենգությամբ, օգտագործելով բոլոր տեսակի զինյալներին և զինատեսակները, իսլամական պետության զինյալներից սկսած մինչև սմերչներ, հարձակվեցին սահմանին կանգնած հայ զինվորի վրա: Չնայած գործադրած բոլոր ջանքերին՝ հայ զինվորը դիմագրավեց և հաղթեց, զոհվեց, բայց չընկրկեց: Շատերը իրենց կյանքը նվիրաբերեցին Հայոց աշխարհը կանգուն պահելու սուրբ գործին:

Եվ հիմա կորստի, ափսոսանքի ու ոգևորության օրերին մենք պետք է լինենք արժանի հայ զինվորին: Մենք իրավունք չունենք նրա գործած սխրանքը իզուր կորցնել: Եվ որպեսզի լուծվեն հայ ժողովրդի առաջ ծառացած խնդիրները, թշնամին այլևս երբեք չհանդգնի հարձակվել մեզ վրա, առավել ևս ոտք դնել մեր սուրբ հողին, մենք պետք է լինենք միասնական:

Կոչ եմ անում աշխարհասփյուռ հայ գեներալներին և ռազմական փորձագետներին՝ հավաքվել Երևանում՝ հայության առջև ծառացած խնդիրների լուծումները և համահայկական բանակի ուղիները գտնելու նպատակով:

Մեր միասնությամբ լինենք արժանի մեր զինվորների թափած արյանը»:
Ապրիլի 1-ի լույս 2-ի գիշերը ղարաբաղյան հակամարտության գոտում իրավիճակը սրվեց։ Երևանը հաղորդեց ադրբեջանական կողմի նախահարձակ գործողությունների մասին, միաժամանակ Բաքուն հայտարարեց Հայաստանի ԶՈւ կողմից գնդակոծությունների մասին։ Պաշտոնական հայտարարությունների համաձայն` երկու հակամարտող կողմերը կորուստներ ունեն։ Ապրիլի 5-ին կողմերը պայմանավորվեցին ռազմական գործողությունները դադարեցնելու մասին, բայց վերջնական հրադադար չկնքվեց։ Երկու կողմերը հայտարարում են պայմանավորվածությունները խախտելու մասին, ադրբեջանական կողմը շարունակում է կրակել նաև Հայաստանի սահմանամերձ գյուղերի ուղղությամբ։