14-11-2016 11:41

Հայաստանում բնությունը խառնել է տարվա եղանակները. ծաղկել են յասամանը և ձնծաղիկը

Հայաստանում աշնան համար ոչ սովորական եղանակ է, որը մոլորության մեջ է գցել նույնիսկ մայր բնությանը:

Հոկտեմբերի վերջին կտրուկ ցրտի և Երևանի համար անսպասելի վաղ ձյունից հետո, որը տեղացել է նոյեմբերի 1-ին, շատ շրջաններում հաստատվել է տաք ու չոր եղանակ:

Վերջին երկու շաբաթվա ընթացքում երկրում գրանցվում են եղանակային նորանոր ռեկորդներ. ջերմաստիճանը մեկ իջնում է և գրանցվում են մեծ քանակությամբ տեղումներ, մեկ բարձրանում է և երկրում հաստատվում է շատ ջերմ ու արևային եղանակ։

Այսպես, նոյեմբերի 9-ին Կապանում գրանցվել է 29 աստիճան տաքություն, ինչը համարժեք է այդ շրջանում օգոստոսյան եղանակին: Իսկ Երևանում նոյեմբերի 11-ին օդի ջերմաստիճանը կազմել է 18-19 աստիճան տաքություն:

Ցրտերից հետո հաստատված տաք եղանակը մոլորության մեջ է գցել նաև բնությանը. երկրի մի շարք շրջաններում ձնծաղիկ է ծաղկել, իսկ սոցիալական ցանցերի օգտատերերը հրապարակել են նաև ծաղկած յասամանի լուսանկարներ, որոնք արվել են Երևանում։

Յասամանի թփերը ծաղկել են հոկտեմբերի վերջին, դիմակայել առաջին ձյանը և ցրտերին, և այժմ, արդեն նոյեմբերի կեսերին, շարունակում են ծաղկել և նույնիսկ նոր բողբոջներ տալ:

Այդուհանդերձ, Հայհիդրոմետի կանխատեսումներով, տաք եղանակը երկար չի ուրախացնի Հայաստանի բնակիչներին, արդեն այս շաբաթ երկրի մարզերի մեծ մասում սպասվում են տեղումներ, այդ թվում, ձյան տեսքով, իսկ օդի ջերմաստիճանը աստիճանաբար կնվազի 5-7 աստիճանով:

Ընդ որում, մայքարաղաքում ջերմաստիճանն աստիճանաբար կնվազի և մինչև ուրբաթ կհասնի +12…+14 աստիճանի: