18-08-2017 14:42

Անհրաժեշտ է համատեղ և վճռականորեն շարունակել ահաբեկչության չարիքի դեմ պայքարը. Սարգսյան

ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանն ուրբաթ օրը ցավակցական հեռագիր է հղել Իսպանիայի թագավոր Ֆելիպ VI -ին՝ Բարսելոնայում տեղի ունեցած ահաբեկչության կապակցությամբ, որի արդյունքում տասնյակ մարդիկ են զոհվել և վիրավորվել: Այս մասին հայտնում են երկրի ղեկավարի մամուլի ծառայությունից:
«Վշտի ու կորստի այս ծանր պահին իմ անկեղծ ցավակցություններն ու զորակցությունն եմ հայտնում Ձեզ, Իսպանիայի բարեկամ ժողովրդին ու զոհվածների հարազատներին՝ մաղթելով ուժ ու ոգու արիություն, իսկ վիրավորներին՝ շուտափույթ ապաքինում»,-ասված է հաղորդագրության մեջ:
«Նման անմարդկային գործողությունները վերստին գալիս են հաստատելու մեր այն համոզմունքը, որ անհրաժեշտ է միասնականորեն և վճռականությամբ շարունակել միջազգային հանրության պայքարը ահաբեկչության չարիքի և բռնության բոլոր դրսևորումների դեմ»,- ասված է ՀՀ նախագահի ուղերձում:
Օգոստոսի 17 –ի երեկոյան, Բարսելոնայի զբոսաշրջային Ռամբլա փողոցում ֆուրգոնի վարորդը կանխամտածված վրայերթի է ենթարկել անցորդներին: Արդյունքում 13 մարդ զոհվել է 100-ից ավելին վնասվածքներ են ստացել:Վիրավորների թվում կան 18 երկրների քաղաքացիներ։
Ահաբեկչության գործով ձերբակալվել է երկու մարդ: Ահաբեկչության համար պատասխանատվությունն իր վրա է վերցրել «Իսլամական պետություն» ահաբեկչական կազմակերպությունը: