21-09-2016 14:49

Հայաստանի վարչապետը վճռական է կոռուպցիայի խնդրի լուծման հարցում

Հայաստանի նորանշանակ վարչապետ Կարեն Կարապետյանը չորեքշաբթի լրագրողներին ասաց երկրում կոռուպցիայի խնդիրը լուծելու մտադրության մասին:

Նախկին վարչապետ Հովիկ Աբրահամյանի գլխավորությամբ երկրում ստեղծվել էր Կոռուպցիայի դեմ պայքարի խորհուրդ, որը գլխավորում է վարչապետը: Իր պաշտոնավարման ընթացքում Աբրահամյանը Խորհրդի մի քանի նիստ է գումարել, որոնց ընթացքում մշակվել են կոռուպցիայի դեմ պայքարի մոտեցումներն ու հիմնական քայլերը: Սակայն կոնկրետ քայլեր և արդյունքներ առայժմ չկան:

«Ես առայժմ չեմ ուսումնասիրել Խորհրդի գործունեությունը և չեմ կարող ասել, թե նրանք ոչ մի արդյունք չեն արձանագրել: Ինչ վերաբերում է հաջորդ քայլերին՝ ապա դրանց մասին կիմանաք ավելի ուշ»,- ասաց Կարապետյանը:

Նա նաև նշեց, որ կոռուպցիայի դեմ համակողմանի պայքար է տարվելու, այդ թվում՝ տարբեր մեթոդներով:
Պատասխանելով այն հարցին, թե որոշ գործարարներ ԶԼՄ-ների միջոցով դիմել են վարչապետին և ներկայացրել կոռուպցիայի որոշ փաստեր՝ վարչապետը նշեց, որ այդ հարցն առայժմ չի ուսումնասիրել: «Մենք մտադիր ենք լուծել կոռուպցիայի խնդիրը երկրում»,- ասաց Կարապետյանը:

Իր հրաժարականից առաջ Հովիկ Աբրահամյանը ներկայացրել է այն քայլերը, որոնք ծրագրվում էր իրականացնել երկրում կոռուպցիայի դեմ պայքարի ոլորտում: Կոնկրետ քայլերի թվում նա նշել էր, մասնավորապես, բարձրաստիճան պաշտոնատար անձանց անօրինական հարստացման քրեականացումը, եկամուտների ոչ ամբողջական հայտարարագրման պատիժը, մասնավոր ընկերությունների՝ պետգնումներին մասնակցող իրական սեփականատերերի բացահայտումը, կանխիկ գործառնությունների սահմանափակումը: Ծրագրվում էր նաև ստեղծել առանձին մարմին՝ կոռուպցիայի դեմ պայքարի նոր ինստիտուցիոնալ համակարգ:

Օրենսդրական նախաձեռնությունները ծրագրվում էր ներկայացնել խորհրդարանի դիտարկմանը հոկտեմբերի արտահերթ նիստին: