Բավ է պառակտվել
07-07-2016 12:48

Հովիկ Աբրահամյան. Կրթության ոլորտին բարեփոխումներ են անհրաժեշտ

Կառավարության այսօրվա նիստում ՀՀ վարչապետ Հովիկ Աբրահամյանն անդրադարձավ կրթության ոլորտի բարեփոխումների անհրաժեշտությանը:
«Այժմ ընթացող քննական գործընթացները վկայում են, որ կրթական համակարգի բարեփոխումներն այսօր ավելի քան պահանջված են»,- ասաց վարչապետը:
Ըստ նրա՝ առաջնահերթություն են կրթության որակի և արդյունավետության բարձրացումը, դրանց համապատասխանեցումը միջազգային չափանիշներին, մատչելիության և հասանելիության ապահովումը բնակչության բոլոր խավերի համար:
Հովիկ Աբրահամյանի խոսքերով՝ վերանայման կարիք ունի հատկապես հանրակրթական ոլորտը:

«Պետք է ստեղծել ժամանակակից ուղղվածությամբ մատչելի, , միաժամանակ հայեցի և հայապահպանության բովանդակությամբ նոր կրթական ծրագրեր»,- ասաց նա՝ հավելելով, որ դպրոցի ղեկավարի նշանակումը՝ սկսած նրա հավաստագրումից մինչև ընտրություն, նույնպես պետք է դառնա պարզ ու թափանցիկ գործընթաց:
Ըստ վարչապետի՝ որոշակի լուծումներ են պահանջում նաև ավագ դպրոցի հիմնախնդիրները, բազմաթիվ կուտակված հարցեր կան մասնագիտական կրթության ոլորտում. «Ուզում եմ նաև ընդգծել բուհերի ռեֆորմների անխուսափելությունը: Հարկ է հատուկ ուշադրություն դարձնել բուհերի կառավարման խորհուրդների ձևավորման առավել արդյունավետ մեխանզմների կիրառմանը»:
Հովիկ Աբրահամյանը նշեց նաև, որ վերանայման և կատարելագործման կարիք ունեն դպրոց-բուհ անցումն ապահովող կառույցների գործառույթները: «Նպատակահարմար է այս գործընթացը դարձնել ավելի սահուն՝ նպաստելով բաձրագույն կրթության մատչելիության բարձրացման և հասարակության սոցիալապես անապահով խավերի ընդգրկմանը»,- նշեց Հ.Աբրահամյանը:

Վարչապետի խոսքերով՝ Կրթության և գիտության նախարարության ուշադրության կենտրոնում պետք է լինի նաև բուհական կրթության արդյունավետության բարձրացումը, համալսարան-աշխատաշուկա կապի սերտացումը:
Հովիկ Աբրահամյանը ԿԳ նախարարին հանձնարարեց պատրաստել բարեփոխումներին նվիրված խորհրդակցություն և փոփոխությունների ժամանակացուցային առաջարկություններ: