Բավ է պառակտվել
15-01-2015 09:17

Հանցանքը ազգություն չի ճանաչում. Հայաստանում ՌԴ դեսպան

Հայաստանում ՌԴ դեսպանությունը իր ցավակցությունն է հայտնել Գյումրիում դաժանաբար սպանված ընտանիքի հարազատներին և մտերիմներին: Միևնույն ժամանակ ՌԴ դեսպան Իվան Վոլինկինը կոչ է արել չքաղաքականացնել այդ դեպքը և համոզմունք է հայտնել, որ քննչական մարմինները ամեն ինչ կպարզեն, և հանցագործը կկրի իրեն պատիժը, հաղորդում է ՌԻԱ-Նովոստի գործակալությունը: 
«Դեսպանության աշխատակիցները ցնցված են Գյումրիում տեղի ունեցած ողբերգությունից: Մենք սգում ենք հայ ժողովրդի հետ միասին, մեր ցավակցությունն ենք հայտնում զոհվածների հարազատներին: Այդ սարսափելի ոճրագործությունը կատարած անձինք պետք է կրեն խստագույն պատիժը: Տվյալ պահին ՀՀ և ՌԴ պատկամ մարմինները իրագործում են բոլոր անհրաժեշտ քննչական ընթացակարգերը՝ տեղի ունեցածի վերաբերյալ բազմակողմ և անաչառ քննություն կատարելու նպատակով: Քննչական խմբերը համակարգում են իրենց ջանքերը 102-րդ ռազմաբազայի հանրապետության տարածքում գտնվելու պայմանների համաձայն», - ասել է ռադիո Sputnik-ի եթերում Իվան Վոլինկինը: Հինգշաբթի՝ հունվարի 15-ին, Հայաստանում ՌԴ դեսպանության շենքի, ինչպես նաև ՀՀ նախագահի նստավայրի մոտ նախատեսված է բողոքի ակցիա՝ կապված Գյումրիում Ավետիսյանների ընտանիքի սպանության հետ: ՌԴ դեսպանը նշել է, որ մարդիկ իրավունք ունեն արտահայտել իրենց կարծիքը և զգացմունքները: 
«Ես հասկանում եմ այդ մարդկանց, նրանց զգացմունքները, որովհետև գազանային ոճրագործություն է կատարվել, որի համար հանցագործը պետք է պատասխան տա: Իհարկե, մարդիկ իրավունք ունեն գալ այստեղ, արտահայտել իրենց կարծիքը, իրենց զգացմունքները: Սակայն ես կարծում եմ, որ պետք չէ քաղաքականացնել այդ հարցը», - նշել է Վոլինկինը: Նա նաև համոզմունք է հայտնել, որ մեղավորը պատիժ կկրի:
«Հանցանքը ազգություն չի ճանաչում, հատկապես տվյալ դեպքում: Մենք չպետք է թեժացնենք քաղաքական կրակը: Եվ ես կարծում եմ, որ քննությունը կպարզի այդ գործի բոլոր նրբությունները, և հանցագործը համարժեք պատիժ կկրի», - ավելացրել է դեսպանը:
Հայաստանի Գյումրի քաղաքում, որտեղ տեղակայված է 102-րդ ռուսաստանյան ռազմաբազան, վեց անդամներից բաղկացած ընտանիքի դաժան սպանությունը կատարվել է երկուշաբթի՝ հունվարի 12-ին: Զոհերի թվում է նաև երկուամյա երեխա: Ընտանիքի ևս մեկ փոքրիկ անդամ՝վեց ամսեկան տղա, հիվանդանոցում է գտնվում ծանր վիճակում: Ոճրագործության կասկածյալ ժամկետային զինծառայող Վալերի Պերմյակովը ձերբակալվել է ռուսաստանյան սահմանապահների կողմից Թուրքիայի սահմանն անցնելու պահին և արդեն խոստովանել է կատարած ոճրագործությունը: Հայաստանի Քննչական կոմիտեն որոշում է կայացրել Պերմյակովին քրեական պատասխանատվության ենթարկել որպես մեղադրյալ: