Բավ է պառակտվել
30-07-2016 08:04

Ոստիկանությունը պետք է պարզաբանումներ ներկայացնի. Օմբուդսմեն

Մարդու իրավունքների պաշտպանի աշխատակազմ հաղորդումներ են ստացվել այն մասին, որ բռնություններ են գործադրվել լրագրողների նկատմամբ, ինչպես նաև խոչընդոտվել է նրանց աշխատանքը: Ըստ ՄԻՊ ներկայացված տեղեկությունների՝ դրանք արել են քաղաքացիական հագուստով ոստիկաններ, հաղորդում է Մարդու իրավունքների պաշտպանի մամուլի ծառայությունը:

«ՀՀ Ոստիկանությունը պետք է անմիջապես ներկայացնի պարզաբանումներ լրագրողների նկատմամբ բռնությունների գործադրմանը, նրանց գործունեությանը խոչընդոտելուն քաղաքացիական հագուստով ոստիկանների հնարավոր ներգրավման մասին», - նշվում է հաղորդագրության մեջ:

Հաղորդագրության համաձայն, Մարդու իրավունքների պաշտպանի աշխատակազմը արձանագրել է բոլոր հրապարակումները:

«Դրանց հիման վրա անհրաժեշտ է անմիջապես հարուցել քրեական հետապնդում, իրականացնել մանրամասն քննություն և բացահայտել բոլոր մեղավոր անձանց», - նշվում է հաղորդագրության մեջ:

ՄԻՊ աշխատակազմը խնդրում է այն քաղաքացիներին, ովքեր տիրապետում են 1in.am, azatutyun.am, armlur.am, a1plus.am, «Արմենիա» հեռուստաընկերության լրագրողների նկատմամբ բռնության գործադրման կամ ոստիկանների հնարավոր ներգրավման մասին վկայող տեսանյութեր, դրանք անհապաղ տրամադրել Պաշտպանի աշխատակազմին: Հեղինակների ինքնության գաղտնիությունը երաշխավորվում է:

«Ահազանգեր են ստացվել նաև քաղաքացիների բերման ենթարկելու, նրանց նկատմամբ բռնություն գործադրելու վերաբերյալ: Այդ ուղղությամբ արդեն իսկ ձեռնարկվում են համապատասխան միջոցներ», - տեղեկացնում են Պաշտպանի աշխատակազմից:

Հուլիսի 29-ի գիշերը տեղի ունեցած ակցիայի ցրման ժամանակ տուժել են «Ազատություն» ռ/կ-ի, CivilNet.TV, Արմենիա TV, 1in.am լրատվականի, ինչպես նաև ռուսական «Լայֆ» պարբերականի լրագրողները:

ԶԼՄ-ների տվյալներով, տուժածների մոտ արձանագրվել են բեկորային վիրավորումներ, այրվածքներ, թունավորում գազից: Հոսպիտալացվածների թվում կա առնվազն երկու երեխա, որոնք վերակենդանացման բաժնում են: