Բավ է պառակտվել
26-03-2014 18:58

Պետական ծառայողները Արաբկիր համայնքում բնակարան կստանան առավելագույնը 12 տոկոս տոկոսադրույքով

Կառավարության ԱԺ հարցուպատասխանի ժամանակ Կառավարության աշխատակազմի ղեկավար Վաչե Գաբրիելյանը նշեց, որ մոտ 30 ամիս հետո պետությունը պետական ծառայողներին հատուկ նրանց համար կառուցվելիք բնակարաններ կհատկացնի (1000 բնակարան)՝ տարեկան 12 տոկոս մարման տոկոսադրույքով:  ԱԺ «Հանրապետական» խմբակցության պատգամավոր Կարինե Աճեմյանը հետաքրքրվեց, որ եթե առավելագույնը տարեկան 12 տոկոս տոկոսադրույքն է, ապա ո՞րն է նվազագույնը: Կառավարության աշխատակազմի ղեկավար- նախարար Վաչե Գաբրիելյանը պատասխանեց, որ ներկայումս քննարկում են 12 տոկոսը նվազեցնելու հնարավորությունները: Ինչ վերաբերում է հարցին, թե ինչու է ընտրվել Արաբկիր համայնքը, ապա նախարարը հայտարարեց, որ նախքան կառուցապատման մրցույթի հայտարարումը անցկացրել են հարցումներ, և մարդկանց մեծամասնությունը նախապատվությունը տվել է Արաբկիր համայնքին։ «Գին- որակ հարաբերակցությամբ սա լավագույն վայրն է Երևանում»,- հայտարարեց Վաչե Գաբրիելյանը և հավելեց, որ հայտարարված է կառուցապատողների մրցույթ, և հիմա առաջարկների ամփոփման փուլն է: «Ամենաուշը 15 օրից կանցնեն երկրորդ փուլին։ Այսօր ցուցակագրված է 1000 պետական աշխատակից տարբեր գերատեսչությունների՝ այս թվում տեղական ինքնակառավարման մարմինների աշխատակիցներ»,- հավելեց նախարարը: Ըստ նրա՝ մրցույթի արդյունքներն ամփոփելուց հետո 30 ամսվա ընթացքում պետական ծառայողները կստանան իրենց բնակարանները: