Բավ է պառակտվել
21-07-2016 10:33

ՀՀ օմբուդսմենը դատապարտել է լրագրողների նկատմամբ բռնության դեպքերը

Հայաստանի մարդու իրավունքների պաշտպանը դատապարտել է հուլիսի 20-ի լույս 21-ի գիշերը տեղի ունեցած իրադարձությունների ժամանակ լրագրողների նկատմամբ բռնության դեպքերը։

 Գիշերը Խորենացի փողոցում և հարակից տարածքում տեղի ունեցած բախումների ընթացքում լրագրողների շրջանում կան տուժածներ, ՀՀ հայտնում են մարդու իրավունքների պաշտպանի գրասենյակից:

«Սա խիստ դատապարտելի է ոչ միայն որպես բռնության դրսևորում առհասարակ, այլ որպես խիստ բացասական երևույթ զանգվածային լրատվության միջոցի ներկայացուցչի մասնագիտական գործունեությանը խոչընդոտելու տեսանկյունից»,- ասված է հայտարարությունում:

Գրասենյակից հիշեցրել են, որ լրագրողի մասնագիտական պարտականությունների կատարմանը խոչընդոտելը քրեորեն պատժելի արարք է՝ անկախ նրանից հանցավոր բնույթի գործողություն կատարողը պետական մարմնի ներկայացուցիչ է, թե հավաքի մասնակից քաղաքացի: Այս առումով ունեցած բոլոր նյութերն ուղարկվելու են համապատասխան քրեական հետապնդման մարմիններին:

«Բոլոր այն անձանց, ովքեր լրագրողների նկատմամբ բռնություն գործադրելու մասին չհրապարակված տեսանյութեր կամ տեղեկություններ ունեն, խնդրում եմ դրանք փոխանցել մեզ, որպեսզի Մարդու իրավունքների պաշտպանի իրավասության սահմաններում ձեռնարկվող գործողությունները կրեն առաջնահերթ բնույթ»,- ասված է հայտարարությունում:

Ոստիկանությունը հուլիսի 20- լույս 21-ի գիշերն առավոտյան ժամը 4։30-ի սահմաններում հատուկ գործողություն իրականացրեց Քրիստափորի և Խորենացու փողոցների խաչմերուկում և րոպեների ընթացքում ցրեց ցույցը։ Մինչ այդ հուլիսի 20-ի երեկոյան բախում տեղի ունեցավ ոստիկանության և ցուցարարների միջև։ Իրավիճակը սրվեց այն բանից հետո, երբ ցուցարարները պահանջեցին լուծել ներսում գտնվող անձանց սննդի խնդիրը։ Հետո Նրանք քարեր նետեցին ոստիկանների վրա, նրանք էլ պատասխանեցին լուսաձայնային և ծխային նռնակներով։

Հուլիսի 17-ի առավոտյան մի խումբ զինված անձինք մուտք են գործել ՀՀ ոստիկանության պարեկապահակային ծառայության գնդի տարածք։ Նրանք պատանդ են վերցրել ոստիկանության ծառայողների՝ նրանց ազատման դիմաց պահանջելով ազատ արձակել Ժիրայր Սեֆիլյանին, նաև պահանջում են Հայաստանի իշխանությունների հրաժարականը։ ՀՀ իրավապահ մարմինների աշխատակիցները բանակցում են զինված խնբի անդամների հետ։