24-04-2016 09:58

ԼՂՀ ՊԲ-ն ներկայացրել է ադրբեջանական խոցված ՄԻ-24Գ-ից առգրավված իրերը (լուսանկարներ)

2016թ. ապրիլի 2-ին Լեռնային Ղարաբաղի Հանրապետության պաշտպանության բանակը խոցել է ադրբեջանական ռազմաօդային ուժերին պատկանող ՄԻ-24G հարվածային ուղղաթիռը, որը ռազմական թռիչք էր իրականացնում ԼՂՀ-ի դեմ Ադրբեջանի սանձազերծած ռազմական ագրեսիայի ժամանակ:

ԼՂՀ ՊԲ-ից  հայտնում են, որ Խոցված ուղղաթիռի ընկման վայրից առգրավվել են.

- թռիչքային քարտեզներ;

- օդաչուի պլանշետը;

- գիշերային տեսանելիության սարքավորման շահագործման կարգը;

- ուղղաթիռի օդաչուներից մեկի անձնական նոթատետրը;

- УКВ ACR500-A 30-420 մՀց տիպի ռադիոկայան

- АРК-У2 տիպի ռադիոկողմնացույց;

- САРПП-12 տիպի չվերթի տվյալները ձայնագրող սարք՝ ձայներիզներով;

- սաղավարտին ամրացված գիշերային տեսանելիության սարքի մաս;

- 8 արկ ունեցող 20 մմ թնդանոթի 10 միավոր;

- օպտիկա-էլեկտրոնային համակարգի մոդուլ՝ գիրոկայունացվող հարթակով

Առգրավված գույքի (թռիչքային փաստաթղթեր) տվյալների վերլուծության համաձայն՝ պարզ է դարձել, որ

2016թ. մարտի 31-ից ապրիլի 1-ն ընկած ժամանակահատվածում խոցված ՄԻ-24G ուղղաթիռը էսկադրիլիայի կազմում «Կալա» օդանավակայանից իրականացրել է թռիչք դեպի «Ժդանովսկ» օդանավակայան՝ «Քյուրդամիր» օդանավակայանում տարանցիկ վայրէջք կատարելով;

Թռիչքային քարտեզի վրա ուրվագծված երթուղին եւ դրված թիրախները վկայում են, որ անձնակազմին խնդիր էր դրված ԼՂՀ տարածքի խորքում՝ շփման գծից 3-10 կմ խորության վրա գտնվող թիրախներին հարվածներ հասցնելու համար;

Թռիչքային քարտեզի համաձայն՝ մարտի մեջ օդուժ մտցնելու ժամկետները կրճատելու համար պատրաստված էր ցատկահրապարակ;

Լյալյա-Իլյագի լեռան շրջանում ցանցի միջոցով ցուցադրված է ռազմական ավիացիայի մի խումբ ուղղաթիռների հետ օդային կարգավորիչի աշխատանքի հնարավոր ուղղությունը;

Խոցված ուղղաթիռի թռիչքի ընդհանուր տեւողությունը կազմում է շուրջ 30 ժամ;

Օբյեկտիվ վերահսկողության տվյալ ձայներիզում մատնաշված է երեք առանձին թռիչքների կատարում, այդ թվում նաեւ՝ վերջին թռիչքի կատարումը:

Տվյալ տեղեկատվությունը ԼՂՀ պաշտպանության նախարարությունն ավելի վաղ տրամադրել է ՀՀ պաշտպանության նախարարությանը, որպեսզի դրա հետ ծանոթանան Երեւանում հավատարմագրված օտարերկրյա երկրների ռազմական կցորդները:

ԼՂՀ ՀՕՊ ուժերի ռադիոտեղորոշման հետախուզության տվյալների համաձայն՝ 4-օրյա ագրեսիայի ընթացքում արձանագրվել է Ադրբեջանի զինուժի մինչեւ 60 ուղղաթիռային թռիչք, որից 40-ի դեպքում ԼՂՀ պաշտպանության բանակի դիրքերի ուղղությամբ կիրառվել են տարբեր տիպի զինատեսակներ, որը հաստատվում է ՄԻ-24G ուղղաթիռի անկման վայրում գտնված ավիացիոն զինատեսակների, տեխնիկական գույքի, թռիչքային քարտեզների, օդաչուի նոթատետրի վերլուծությամբ, ինչպիս նաեւ САРПП-12 տիպի ժապավենի վերծանմամբ:

Ադրբեջանական զինուժի գործողությունները, ինչպես նաեւ խոցված ՄԻ-24Գ ուղղաթիռից առգրավված փաստաթղթերը վկայում են այն մասին, որ Լեռնային Ղարաբաղի Հանրապետության նկատմամբ Ադրբեջանի ձեռնարկած 4-օրյա ռազմական ագրեսիան նախօրոք պլանավորված է եղել ադրբեջանական ղեկավարության կողմից: