24-05-2016 09:02

ԿԳ նախարար. Եթե պարզվի` դպրոցում դրամահավաք կա, ես խստագույնս կպատժեմ

«Թրանսփարենսի Ինթերնեշնլ հակակոռուպցիոն կենտրոն» ՀԿ-ն գրավոր դիմել է ՀՀ կրթության և գիտության նախարար Լևոն Մկրտչյանին՝ տեղեկացնելով Երևանի դպրոցներում իրականացվող անօրինական դրամահավաքի վերաբերյալ ստացված ահազանգերի մասին

Գյումրիում լրագրողների հետ ունեցած ճեպազրույցի ժամանակ ՀՀ կրթության և գիտության նախարար Լևոն Մկրտչյանն անդրադարձավ Երևանի դպրոցներում իրականացվող դրամահավաքի հետ կապված արձագանքներին` նշելով, որ ինքն այդ մասին արդեն խոսել է հրապարակավ։

«Մի քիչ խնդիրը դպրոցից դուրս է, հասարակության մեջ։ Ծնողներին ես կոչ արեցի համեստ նշել, հաշվի առնել այս վերջին իրադարձությունները: Չարգելելով, որ երեխան նշի այս իրադարձությունը, պարտադիր չէ շքեղ սեղանն ու մրցակցությունը: Դա դառնում է մի տեսակ նոր տարվա սեղանների նման խնդիր: Մենք Երևանի քաղաքապետի հետ խոսել ենք, որ այս տարի լինի շատ հանգիստ ու համեստ միջոցառումների ծրագիր: Կոնկրետ այս դեպքում մենք ստուգում ենք իսկությունը: Եթե պարզվի, որ կա դրամահավաք՝ տնօրենի հետ կապված, ուրեմն ես խստագույնս կպատժեմ: Խնդիրը ծնողների հետ է, մենք դպրոցի ներսում դրամահավաք չունենք: Հիմնականում դրամահավաքը վերջին երեկոյի համար է: Պետք է նաև դիմենք տնօրեններին, որ հետևեն՝ եթե ծնողները գումարներ են հավաքում, ապա ինչի վրա են դա ծախսում»,- նշեց նախարարը՝ կրկին կոչ անելով ծնողներին զերծ մնալ անմիտ ճոխություններից ու դրամահավաքից:

«Թրանսփարենսի Ինթերնեշնլ հակակոռուպցիոն կենտրոն» ՀԿ-ն իր դիմումում նշել է, որ դրամահավաքի մասին ահազանգեր են ստացվել Երևանի Նար-Դոսի անվան թիվ 14 հիմնական, Անդրանիկ Մարգարյանի անվան թիվ 29 ավագ, Վարդգես Պետրոսյանի անվան թիվ 51 հիմնական, Հովհաննես Պողոսյանի անվան թիվ 82 հիմնական և թիվ 174 հիմնական դպրոցներում: Նախարարին ուղղված դիմումում նշվել էր նաև, որ այս դպրոցներում յուրաքանչյուր ավարտական դասարանի կողմից տնօրենին տրվող գումարը կազմում է 20-30 հազար դրամ, իսկ դրամահավաքի մյուս գումարը հավաքվում է ուսուցիչների կողմից քննական առարկաները պարտադիր կամավոր կերպով անցկացնելու համար։