Բավ է պառակտվել
02-11-2016 12:48

Սփյուռքի նախարարությունը հատուկ ուադրություն է դարձնում սիրիահայերին աջակցող ծրագրերին

Կառավարության նոր նախագծում առանձնացված է Սփյուռքի նախարարությանն առնչվող 7 կարևորագույն ուղղություն. այս մասին այսօր լրագրողների հետ հանդիպման ընթացքում նշեց ՀՀ սփյուռքի նախարարի խորհրդական Ստեփան Պետրոսյանը:

Ներդրումների ներգրավում, սիրիահայերի ինտեգրում, համագործակցության խորացում՝ սփյուռքում գործող համահայկական հիմնադրամների հետ, հայրենաճանաչություն, սփյուռքահայ ուսուցիչների վերապատրաստում, սփյուռքում գործող մասնագիտական ընկերությունների հետ հարաբերությունների խորացում, աջակցություն ջավախահայությանը. սրանք են այն 7 հիմական ուղղությունները, որոնք կառավարության կողմից համարվել են գերակա ճյուղեր Սփյուռքի նախարարության համար:

Սփյուռքի նախարարի խորհրդական Ստեփան Պետրոսյանը նախ անդրադարձավ ներդրումների ներգրավման ծրագրին՝ նշելով, որ մինչ այս նախարարությունը բավականին մեծ աշխատանքներ է կատարել այդ ուղղությամբ, ինչի մասին են խոսում նաև թվերը: Այժմ էլ կառավարության համապատասխան բաժնի հետ համագործակցության շնորհիվ ներդրումների ապահովությանն ուղղված աշխատանքներ են տարվում՝ դրանց թիվը մեծացնելու նպատակով:

ՀՀ սփյուռքի նախարարի տեղակալ Սերժ Սրապիոնյանն էլ անդրադարձավ սիրիահայերի խնդիրներին: Նրա խոսքով՝ Սփյուռքի նախարարությունը մինչ օրս իր կարողությունների սահմաններում զբաղվել է Հայաստան վերադարձած սիրիահայերի թե՛ ապաստանների տրամադրմամբ, թե՛ աշխատանքի ապահովմամբ:

«Ամեն օր արևելքից եկող ինքնաթիռները մենք դիմավորում ենք, անկախ նրանից ստույգ տեղեկություն ունենք, թե չունենք տվյալ ինքնաթիռով սիրիահայ ընտանիքների ժամանման մասին: Ի՞նչ կարող ենք մենք անել. նախ՝ կացարաններ տրամադրել, որից հետո մենք նրանց համար որոնում ենք առավել հարմարավետ բնակարաններ, որոշ դեպքերում վճարում ամսավճարները։ Մեր գործը նաև նրանց սնունդով, հագուստով, աշխատանքով ապահովելն է»,- հավելեց Սրապիոնյանը:

Անդրադառնալով մամուլում տարածվող տեղեկություններին, թե սիրիահայերին համապատասխան օգնություն չի տրամադրվում՝ Սրապիոնյանը նկատեց. «Յուրաքանչյուր սիրիահայ ով դիմում է նախարարությանը՝ օգնություն տրամադրվում է, սակայն կան դեպքեր, երբ Հայաստան ժամանած սիրիահայերից ոմանք, որոնք մեծ թիվ չեն կազմում, վստահում են այս կամ այն գործարարներին, անհաջող ներդրումներ են կատարում, որից հետո նոր դիմում են մեզ»:

Ըստ Սրապիոնյանի՝ խնդիրների թվում է նաև այն փաստը, որ սիրիահայերի զգալի մասը ցանկանում է բնակվել Երևանում, ինչը բավականին դժվար է կազմակերպել՝ հաշվի առնելով նախարարության ֆինանսական միջոցների սղությունը և ընդհանուր տնտեսական ծանր վիճակը: Նախարարի տեղակալի խոսքով՝ եթե սիրիահայերը համաձայնեն բնակվել Գյումրիում կամ Վանաձորում, նախարարությունն ավելի հեշտությամբ կկարողանա նրանց ապաստան տրամադրել: