Բավ է պառակտվել
24-02-2014 17:51

Մարտի 5-ից կմեկնարկեն մայրաքաղաքի կանաչապատման աշխատանքները

Երևանի քաղաքապետարանում տեղի ունեցած հերթական աշխատանքային խորհրդակցության ժամանակ բնապահպանության վարչության պետը զեկուցել է, որ մարտի 5-ից հստակ ժամանակացույցով մայրաքաղաքում կմեկնարկեն կանաչապատման աշխատանքները: Նշվել է, որ արտերկրից ներկրվում են համապատասխան ծաղկասածիլներ, ՀՀ մարզերից էլ բուսահող է տեղափոխվելու: Քաղաքապետը հանձնարարել է հատուկ ուշադրություն դարձնել ծառերի սանիտարական էտին, անհրաժեշտության դեպքում ներգրավել լրացուցիչ աշխատուժ, նաև համապատասխան տեխնիկա՝ շինարարական գործընկեր կազմակերպություններից:
«Գլխավոր դիզայների հետ համատեղ պետք է աշխատանքներ տանել, որպեսզի էտման աշխատանքների շրջանակում հատկապես վարչական շրջանների կենտրոնական հատվածներում տեղակայված ծառերը, որոնց հնարավոր է գեղարվեստական ձևավորում տալ, էտվեն համապատասխան կերպով: Բացի այդ, մենք, որպես առաջնահերթություն, շեշտադրել ենք նաև կանաչ տարածքների ավելացումն ու այդ ուղղությամբ, հատկապես վերջին 2-3 տարիներին, նպատակային աշխատանքներ ենք իրականացնում: Այդ համատեքստում է նաև այս տարի նախատեսված շուրջ 10 այգիների բարեկարգումը:»,- ընդգծել է Տարոն Մարգարյանը: Քաղաքապետը նաև նշել է, որ այս տարի, նախատեսված 400 բակերի բարեկարգմանը զուգահեռ, արդեն իսկ նախնական պայմանավորվածություններ են ձեռք բերվել մասնավոր ընկերությունների հետ ևս 200 բակերի բարեկարգման մասով:
Զեկուցվել է, որ կանաչապատման ուղղությամբ նախապատրաստական աշխատանքներ են տարվում նաև տնտեսվարողների հետ՝ ծանուցելով հարակից ընդհանուր օգտագործման տարածքների բարեկարգման պարտադիր պայմանների մասին: Զուգահեռ տրամադրվում են նաև կանաչապատման ենթակա տարածքների սխեմաները:
Զեկուցվել է, որ քաղաքապետարանի և վարչական շրջանների աշխատակազմերի պատասխանատուների մասնակցությամբ շարունակվում են ստուգայցերը մանկապարտեզներում մատակարարվող սննդի որակի վերահսկման ուղղությամբ: Ըստ այդմ, նախորդ շաբաթ մայրաքաղաքի 26 մանկապարտեզներ կատարած ստուգայցերի արդյունքում խախտումներ չեն հայտնաբերվել: Հանձնարարվել է նաև կանոնակարգել և խիստ հսկողության տակ պահել ստորգետնյա հետիոտնային անցումներում կազմակերպվող առևտրի գործընթացը: Ներքաղաքային միկրոավտոբուսային և ավտոբուսային երթուղիների սպասարկման համար հայտարարված, սակայն հայտեր չլինելու պատճառով չկայացած մրցույթի հետ կապված՝ զեկուցվել է, որ հայտարարվել է նոր մրցույթ, որը կկայանա ապրիլի 10-ին: