Բավ է պառակտվել
10-06-2014 14:23

Մարդիկ պայքարում են արագաչափերի, տեսախցիկների և կարմիր գծանշանների դեմ

Արագաչափերի, տեսախցիկների և կարմիր գծանշաննների դեմ պայքարող ՛՛Դուրս մեր գրպանից՛՛ նախաձեռնության մի քանի տասնյակ անդամներ մեքենաներով այսօր ՛՛Հրազդան՛՛ մարզադաշտի հարեւանությամբ գտնվող Բրազիլիայի հրապարակից սկսեցին հերթական ավտոերթը,վերջինիս ընթացքում վեճեր են ծագել:
Երևանի ՃՈ վարչության պետ Արսեն Արշակյանը հայտարարել է, որ երթն արտոնված չէ, և ճանապարհային երթևեկության ցանկացած խախտում կատարող կենթարկվի վարչական տույժի։ Ավտոերթի մասնակիցները հակադարձել են ու նշել, որ ավտոերթն արտոնելու մասին օրենքում կետ չկա, բացի դրանից արտոնվում են միայն 100-ից ավելի մասնակից ունեցող երթերը:

Լենինգրադյան փողոցում ավտոերթը կանգ առավ, քանի որ ոստիկանները փակել էին դեպի Շինարարներ տանող ճանապարհը եւ պատճառաբանում էին, որ այդ փողոցներում կարող են խցանումներ առաջանալ։ Ակցիայի մասնակիցները հրաժարվեցին շարժվել ոստիկանների առաջարկած երթուղով։ Սկսվեցին բախումներ ակցիայի մասնակիցների եւ ոստիկանների միջեւ, որոնց ուժերը համալրել էին կարմիր բերետավորները։ Ոստիկանները բերման ենթարկեցին ակցիայի մասնակիցներ Արմեն Մելիքյանին եւ Արմեն Բիլանյանին՝ պատճառաբանելով, որ նրանք չեն ենթարկվել ոստիկանների հրահանգին։
Հիշեցնենք, որ սա նախաձեռնության երկրորդ ավտոերթն Է: Նախաձեռնությունը պահանջում է վերացնել կարմիր գծերը, 5 անգամ կրճատել տեսախցիկների և արագաչափերի տուգանքները, մինչեւ այժմ գրանցված տուգանքների վրա եկած տույժերի նկատմամբ հայտարարել համաներում և դադարեցնել բոլոր տեսակի տուգանքները մինչև նոր կանոնակարգի հաստատվելը: