Բավ է պառակտվել
01-05-2014 18:35

Freedom House. ՀՀ-ում մամուլի ազատությունը անկում է ապրել

Այսօր Ժողովրդավարության, քաղաքական ազատության և մարդու իրավունքների ոլորտներում հետազոտություններ իրականացնող Freedom House ամերիկյան ոչ կառավարական կազմակերպությունը հրապարակել է մամուլի ազատության վերաբերյալ 2014թ. զեկույցը: Զեկույցում ներառված է 197 երկիր, որից 63-ը (32%) գնահատվել է «ազատ», 68-ը (35%)՝ «մասամբ ազատ», 66 (33%)՝ «անազատ»։ Հայաստանը 62 միավորով շարունակում է տեղ զբաղեցնել «անազատ» մամուլ ունեցող երկրների շարքում։ Ինչպես նշում է freedomhouse.org կայքը, զեկույցի հեղինակներն արձանագրել են, որ աշխարհում մամուլի ազատության ընդհանուր ցուցանիշը այս տասնամյակի ընթացքում հասել է իր ամենացածր կետին։ Մասնագետների կարծիքով, այս փաստը պայմանավորված է նրանով, որ աշխարհի բազմաթիվ երկրներում ՝ Եգիպտոսում, Լիբիայում, Հորդանանում, Թուրքիայում, Ուկրաինայում, ԱՄՆ-ում, ինչպես նաև աֆրիկյան որոշ պետություններում մամուլի ազատության վիճակը զգալի վատացել է։
«Ամբողջ աշխարհում մամուլի ազատության ցուցանիշի անկումը երկրների կառավարությունների՝ մեդիաոլորտը վերահսկելուն ուղղված գործողությունների հետևանք է։ Մենք պարզել ենք, որ անցած տարի աշխարհի բոլոր տարածաշրջաններում և՛ իշխանությունները, և՛ մասնավոր հատվածի ներկայացուցիչները հարձակումներ են գործել լրագրողների նկատմամբ, բովանդակության գրաքննություն են իրականացրել, ինչպես նաև քաղաքական դրդապատճառներով հրահանգել են լրագրողներին աշխատանքից հեռացնել»,-նշել է զեկույցի տնօրեն Քարին Քարլիքարին։
Ազատ մեդիա ունեցող երկրների լավագույն 5-յակում ներառվել են Նիդեռլանդները, Նորվեգիան, Շվեդիան, Բելգիան , Ֆինլանդիան։ Մինչդեռ վատագույնների 5-յակում են ՝Բելառուսը, Էրիտրեան, Թուրքմենստանը, Ուզբեկստանն ու Հյուսիսային Կորեան։
Անդրադառնալով Եվրասիական տարածաշրջանին՝ զեկույցի հեղինակները նշում են, որ այնտեղի բնակիչների ճնշող մեծամասնությունը (97% ) ապրում է «անազատ» մեդիայի պայմաններում։ Մասնագետներն արձանագրել են, որ Ռուսաստանում մամուլի ազատության հետ կապված իրավիճակը շարունակում է ծանր մնալ՝ հիշեցնելով իշխանությունների կողմից РИА-Новости լրատվական գործակալության փակման ու առցանց խոսքի ազատությանն ուղղված իրավական սահմանափակումների սահմանումը։
Ինչ վերաբերում է մեր երկրին, ապա այն 62 միավորով հայտնվել է «անազատ» երկրների ցանկում։ Ի տարբերություն նախորդ տարվա, մեր երկրի ցուցանիշն անկում է ապրել 1 միավորով։ Հիշեցնենք, որ նախորդ տարվա զեկույցում Հայաստանը բարելավել էր իր դիրքերը 4 միավորով՝ 2011թ. 65 միավորի փոխարեն ստանալով 61 միավոր:
Ի դեպ փաստաթուղթը կազմողներն ընդգծել են, որ Ադրբեջանում մամուլի ազատության վիճակը գնալով ավելի է վատթարանում։ Մեր տարածաշրջանի երկրներից ամենացածր հորիզոնականում է գտնվում Իրանը (90 միավոր)։ Մինչդեռ հարևան պետություններից լավագույն ցուցանիշն է արձանագրել Վրաստանը, որը 47 միավորով ներառվել է «մասամբ ազատ» երկրների ցանկում։
Նշենք, որ վարկանիշը կազմվում է երեք համապարփակ կատեգորիաների վերլուծության հիման վրա՝ իրավականդաշտը, որում գործում են ԶԼՄ-ները, քաղաքական միջամտությունը լուսաբանման գործընթացին և տեղեկատվության հասանելիությանը և տնտեսական ճնշումները լրատվանյութերի տարածման գործընթացի և բովանդակության վրա:
Իրավական կատեգորիայի ներքո գնահատվում են այն օրենքները և կանոնակարգերը, որոնք կարող են ազդել մեդիայի բովանդակության վրա, ինչպես նաև պետության կողմից այդ կանոնակարգերի՝ մամուլի գործունեության սահմանափակման նպատակով կիրառման չափը:

Յուրաքանչյուր երկրի ցուցանիշներն այս կատեգորիաներով գնահատվում են 0-ից (ամենաազատ) 100 (ամենաանազատ) սանդղակով, և այս տվյալների հիման վրա երկրները բաժանվում են 3՝ ազատ, մասամբ ազատ կամ անազատ մամուլ ունեցող խմբերի: