02-11-2016 13:06

Կիևը կփոխհատուցի հայ ուղևորի պատճառով ուղղությունը փոխած ինքնաթիռի ծախսերը

«Բելավիա» ավիաընկերությունը համաձայնության է եկել Ուկրաինայի իշխանության հետ, որի պահանջով ընկերության` Կիև–Մինսկ չվերթն իրականացնող ինքնաթիռը վերադարձել էր Կիև։ Ինքնաթիռ վերադարձնելու պատճառը Արմեն Մարտիրոսյանն էր եղել։

Ուկրաինական կողմը համաձայնել է փոխհատուցել բելառուսական ինքնաթիռը Կիև վերադարձնելու ծախսերը, չորեքշաբթի հայտարարել է «Բելավիա» ավիաընկերության գլխավոր տնօրեն Անատոլի Գուսարովը։

«Բելավիա» ավիաընկերության` Կիև-Մինսկ չվերթն իրականացնող ինքնաթիռը հոկտեմբերի 21-ին ստիպված էր եղել վերադառնալ Կիևի օդանավակայան, քանի որ ուկրաինական իշխանությունները սպառնացել էին կործանիչներ բարձրացնել ինքնաթիռում գտնվող «հակամայդանցի» Արմեն Մարտիրոսյանի պատճառով: Վայրէջքից հետո Ուկրաինայի իրավապահ մարմինները ինքնաթիռից դուրս էին բերել Հայաստանի քաղաքացուն: Բելառուսի ԱԳՆ-ն բողոքի նոտա էր հղել Ուկրաինային՝ Կիևում բելառուսական ինքնաթիռի հարկադրված վայրէջքի համար:

Գուսարովը նշել է, որ խնդիրը միայն փոխհատուցման չափը չէ` պարզաբանելով, որ «գումար մեծ չէ»։ Ավելի վաղ «Բելավիան» հայտնել էր, որ Ուկրաինայի իշխանությունն ինքնաթիռը Կիև են վերադարձրել կործանիչներ բարձրացնելու սպառնալիքով։