Բավ է պառակտվել
23-01-2014 12:56

ՀՀ բուհերի վարկանիշավորման նոր ազգային համակարգ

Այսօր, ՀՀ կրթության և գիտության նախարարությունը բուհերի և ԶԼՄ ներկայացուցիչներին ներկայացրեց ՀՀ բուհերի Վարկանիշավորման ազգային համակարգը:

Ըստ ՀՀ ԿԳ նախարար Արմեն Աշոտյանի  երկար տարիներ խոսվում է այն մասին, որ հայկական բուհերը չեն մտնում համաշխարհային վարկանիշավորման ցուցակում: Հետևելով այն երկրներին, որոնք նույնպես ընդգրկված չեն, մենք էլ ենք անցել բուհերի ազգային վարկանիշավորման: 

Շնորհանդեսի բացմանը Արմեն Աշոտյանը նշեց, որ այս տարվա վարկանիշը կրում է փորձնական բնույթ՝ քանի որ դեռևս վերամշակման կարիք ունի:

Արմեն Աշոտյանն ասաց նաև, որ այս վարկանիշները դեռ երկար կքննարկվեն հանրության և լրատվամիջոցների կողմից, ու ավելացրեց, թե իրենք վարկանիշավորման համակարգը կազմելիս սոցիոլոգիական հետազոտություններ են անցկացրել: Հետազոտության ընթացքում հարցումներ են անցկացվել ուսանողների, դասախոսների և գործատուների շրջանում:

Ըստ Աշոտյանի  այս համակարգը կօգնի նաև դիմորդներին, ովքեր կարող են օգտվել կայքից՝ իմանալու, թե որ բուհն է ավելի առավել մի շարք հարցերում:

«Մտադիր ենք մի օր այս համակարգը տալ ոչ պետական՝ անկախ մի մարմնի, որպեսզի պետության կողմից շահագրգռվածությունը չեզոքացվի այս հարցում»,-ասաց Արմեն Աշոտյանը:

Վարկանիշում առաջին երեք տեղերը զբաղեցնում են Երևանի պետական համալսարանը, Խ. Աբովյանի անվան ՀՊՄՀ-ը, Հայաստանի պետական ճարտարագիտական համալսարանը (պոլիտեխնիկ):