Բավ է պառակտվել
17-04-2014 13:24

Երևանի կենդանաբանական այգին 3 տարեկան արու յագուար ձեռք բերեց

Երևանի և Թբիլիսիի կենդանաբանական այգիների միջև կնքված փոխըմբռնման հուշագրի շրջանակներում Երևանի կենդանաբանական այգին ձեռք բերեց նոր բնակիչ` 3 տարեկան արու յագուար (Panthera onca): Այս մասին Gisher.news-ն տեղեկացավ կենդանաբանական այգու կայքից:
Յագուարը կատվազգիների ընտանիքին պատկանող միակ տեսակն է, որը հիմնականում հանդիպում է Կենտրոնական Ամերիկայի տարածքում, սակայն վերջինիս պոպուլյացիան շարունակում է կրճատվել որսագողության և կենսամիջավայրի քայքայման պատճառով: Յագուարը երրորդ ամենախոշոր կատվազգին է վագրից և առյուծից հետո: Վարքագծով ավելի շատ նմանվում է վագրի, քանի որ վերջինիս պես շատ է սիրում լողալ` ի տարբերություն հովազների: Հովազի ու յագուարի արտաքին նմանության պատճառով այս երկու կենդանիներին հաճախ են շփոթում: Յագուարն ավելի խոշոր է, մեծ փորով, ավելի փոքր ոտքերով և հաստ պոչով` ի տարբերություն ավելի գեղակազմ հովազի: Կենդանին ընդգրկված է ԲՊՄՄ (Բնության պահպանության միջազգային միավորում) կարմիր ցուցակում որպես վտանգված տեսակ: Հարկ է նշել, որ հազվագյուտ կենդանիների արտահանումը, վաճառքը կամ փոխանակումը կարգավորվում է «Անհետացման եզրին գտնվող վայրի կենդանական և բուսական աշխարհի տեսակների միջազգային առևտրի մասին» միջազգային կոնվենցիայով (1973), որին Հայաստանը միացել է 2009թ.: Կոնվենցիայի հավելվածներում ներառված կենդանիների ներկրումն ու արտահանումը կազմակերպվում է CITES թույլտվություններով` ներկրող և արտահանող երկրները համակարգող մարմինների միջոցով: Տվյալ դեպքում յագուարի` Վրաստանից Հայաստան տեղափոխումն իրականացվել է բոլոր անհրաժեշտ ընթացակարգերին համաձայն, համապատասխան կարգով ներկայացվել են բոլոր անհրաժեշտ կենդանաբուժական փաստաթղթերն, իրականացվել կոնվենցիայի դրույթներից բխող բոլոր պայմաններն ու ձեռք բերվել կենդանու ներմուծման համար անհրաժեշտ բոլոր թույլտվությունները: Երևանի կենդանաբանական այգին կարևորում է CITES-ի կոնվենցիայով կարգավորվող հազվագյուտ կենդանատեսակների փոխադրման դրույթների իրականացումը, քանի որ սա ևս մեկ քայլ է Հայաստանում և ամբողջ աշխարհում հազվագյուտ կենդանատեսակների պահպանմանը նպաստելու ուղղությամբ: