Բավ է պառակտվել
09-08-2014 14:29

Կարեն Պետրոսյանը շատ առողջ տղա էր. ազատամարտիկը հանդիպել է Կարենի հոր հետ

Արցախյան պատերազմի վետերանների միության անդամների մի մասն օգոստոսի 9-ին է վերադարձել Տավուշի սահմանամերձ գյուղերից, որտեղ մի քանի օր զինվորների հսկում էր մարտական դիրքերը: Այս մասին NEWS.am-ին ասաց միության նախագահ Յուրի Միքայելյանը:

«Մի ամբողջ օր հանգիստ էր, ոչ մի կրակոց չկար, բայց օգոստոսի 8-ի երեկոյան ժամը 21:00-ի սահմաններում սկսեցին կրակել, մոտ 40 րոպե կրակոցներ էին հնչում, սակայն վտանգավոր չէ: Մեր տղաներն իրավիճակը լիովին վերահսկում են, բոլորը բարձր տրամադրություն ունեն, հանգիստ են, խուճապ չկա ընդհանրապես, իսկ զինվորներն էլ վստահ են իրենց ուժերին»,- ասաց նա:

Յուրի Միքայելյանն ու իր ազատամարտիկ ընկերները մեկ օր էլ անցկացրել են սահմանամերձ Չինարի գյուղում. «Այնտեղ էինք, երբ իմացանք, որ Կարեն Պետրոսյանին սպանել են: Հոր հետ նստել, խոսել ենք, սկզբում ահավոր վատ էր, հետո հասկացավ իրավիճակը: Հույս ունենք, որ Կարմիր խաչը կկարողանա այնպես անել, որ երիտասարդի դին կվերադարձնեն: Ամեն դեպքում բոլորիս համար էլ հասկանալի է, որ Կարենին սպանել են, ինքը չէր կարող սրտի անբավարարությունից մահանալ, որովհետեւ շատ առողջ տղա է եղել, ամբողջ ընտանիքին ինքն է պահել, բայց ասում են՝ հոգեկան շեղումներ ուներ»:

Նշենք, որ Տավուշի մարզի Չինարի գյուղի բնակիչ, 32-ամյա Կարեն Պետրոսյանին գերեվարել են օգոստոսի 7-ին, իսկ մեկ օր անց էլ ադրբեջանական կողմը տեղեկատվություն էր տարածել, որ հայ երիտասարդը «հանկարծակի» մահացել է «սուր սրտանոթային անբավարարությունից»:

Հիշեցնենք, որ վերջին օրերին ադրբեջանական կողմը շփման գոտի դիվերսիոն ներթափանցման մի շարք փորձեր է ձեռնարկել, սակայն բոլոր դեպքերում հակառակորդը հետ է շպրտվել: Պաշտոնական Բաքուն հայտնել է ավելի քան 26 զինծառայողների մահվան եւ երեք տասնյակի վիրավորման մասին: