Բավ է պառակտվել
16-05-2014 15:31

Նոր կառավարությունն առաջ է տանում նախկին կառավարության ձախողված քաղաքականությունը. ՛՛Դեմ եմ՛՛ անդամներ

Երեկ՝ 2-րդ ընթերցմամբ ընդունված օրենքի նախագիծը առաջընթաց է, սակայն կան բազմաթիվ խնդիրներ, ինչն էլ նշանակում է, որ պայքարը պետք է շարունակվի , որովհետև ստացվում է, որ կուտակայինին մասնակցությունը դարձել է կամավոր, բայց համակարգը մնացել է պարտադիր:Այս մասին այսօր, լրագրողների հետ հանդիպմանը հայտարարել են ՛՛Դեմ եմ՛՛ նախաձեռնության անդամները: Ըստ Դավիթ Խաժակյանի խնդրահարույց է և անտրամաբանական քաղաքացու դիմում գրելու մեխանիզմը, որ իրենից պահումներ չարվեն:

Նա նախ հիշեցրեց, թե ինչից սկսվեցին փոփոխությունները, երբ Սահմանադրական դատարանը օրենքի նախագիծը հակասահմանադրական ճանաչեց և ասաց, որ պետք է հաշվի առնվի կամարտահայտության սկզբունքը, նախկին կառավարությունն անտեսեց այդ կետը, իսկ նոր կառավարությունն ասաց, որ կիրականացնի այդ ամենը 76-րդ հոդվածի կասեցմամբ, այսինքն՝ տույժ-տուգանքներ չեն պահվի, սակայն քաղաքացիների հետևողական պայքարի արդյունքում կառավարությունը ավելացրեց նաև դիմումների հատվածը, որ պետք է գրվեն դիմումներ, որ գումարը չպահվի:

Պայքարը լինելու է ուղղություններով.ա/ հնարավորինս շատ քաղաքացիներ դիմումներ գրեն և բ/ այս վիճահարույց կետերը հնարավորինս շտկվեն:

Նախաձեռնության մյուս անդամ Լուսինե Վաթյանը ներկայացրեց, թե նախագիծը գումարները վերադարձնելու մասով որքանով է համապատասխանում նախաձեռնության պահանջներին:

՛՛Այս օրինագծի արդյունքում լուծվում են միայն այն հարցերը, երբ գումարները դեռևս կամ գործատուի մոտ են և չեն փոխանցվել «Կամուրջ» հիմնադրամին, կամ ուղղակի պահումներ չեն կատարվել՛:
Այսինքն՝ այս կետով ևս նախագիծը անբավարար է, քանի որ սա ևս «ԴԵՄ ԵՄ!»-ի պահանջներից էր:

՛՛Դեմ եմ՛՛-ի մյուս անդամ Տիգրան Մարտիրոսյանը հայտնեց, որ դեռ կոնկրետ որոշված չէ, թե ինչ ակցիաներ են լինելու, ինչ տեսքով, սակայն, նրա խոսքով, ակնհայտ է, որ նոր կառավարությունն ՛՛առաջ է տանում նախկին կառավարության ձախողված քաղաքականությունը՛՛:

Արդարացումների հետ կապված, որ Արժույթի միջազգային հիմնադրամը դեմ է, Տիգրան Մարտիրոսյանը հայտարարեց, որ անընդունելի է, որ այս կառավարությունը, ի շարունակություն նախորդի, իր լծակները տալիս է վերպետական ինչ-որ կառույցների: