Բավ է պառակտվել
24-03-2014 14:06

Ինչու՞ ԱԺ մեծամասնությունը չի ցանկանում չաշխատող մայրերին աջակցել ու նպաստ տրամադրել

Այսօր, ՀՀ ԱԺ-ում մերժվել է ԲՀԿ-ի հեղինակած «Պետական նպաստի մասին» ՀՀ օրենքում փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին ՀՀ օրենքի նախագիծը : Քվեարկությունից առաջ ԱԺ «Բարգավաճ Հայաստան» խմբակցության քարտուղար Նաիրա Զոհրաբյանը հիշեցրեց, որ օրինագիծը վերաբերում է չաշխատող մայրերին ևս։ «Մեր գործընկերների կողմից ներկայացված օրինագիծը վերաբերում է չաշխատող մայրերին ևս՝ մինչև 2 տարեկան երեխաներին խնամքի համար գումար հատկացնելուն, մեծ-մեծ խոսելով չէ, թե մենք սոցիալական ողջ փաթեթը հնարավորինս ողջ ծավալով ապահովում ենք»,- ասաց նա և հավելեց, թե այն հստակ առաջարկ է։ Նա հավելեց, որ եթե աշխատող մայրերը ստանում են մինչև երկու տարեկան երեխաների համար նախատեսված գումարը, ապա պարզ, սթափ տրամաբանությունը հուշում է, որ այն մայրերը, ովքեր աշխատող չեն, նրանք առավել ևս կարիք ունեն այդ նպաստի: ԱԺ «Հանրապետական» խմբակցության պատգամավոր Հակոբ Հակոբյանն իր հերթին հայտնեց, որ հանձնաժողովում քննարկման ժամանակ առաջարկվել է նախագծի հիմնական զեկուցողին առայժմ օրակարգ չմտցնել սա, որովհետև նույն օրենքի նախագիծն ավելի վաղ առաջարկել է նաև ԱԺ «Օրինաց երկիր» խմբակցությունը: «Իրենք չեն համաձայնել այլընտրանքային քննարկմանը, խոսքը չի գնում չաշխատող մոր ծրագրի մասին, օրենքի նախագիծը վերաբերում է աշխատող մոր ծրագրի անվան տակ չաշխատող մորը փող տալուն: Այստեղ ունենք սոցիալական խնդիր, ո՞ր մորը փող տալ՝ աշխատող, թե չաշխատող, աղքատ ընտանիքի մոր, թե՞ ոչ»,- ասաց ՀՀԿ պատգամավորը։ ՕԵԿ պատգամավոր Հովհաննես Մարգարյանը շարունակեց, որ արդեն երկրորդ տարին է, որ իրենց կողմից շրջանառության մեջ է դրվել նման օրենքի նախագիծ, իսկ Կառավարությունն էլ առաջարկել է քննարկումն իրականացնել 2015-ի բյուջեով: ՕԵԿ պատգամավորը շեշտեց, որ նախագծով առաջարկվելու է բոլոր մայրերին՝ անկախ նրանից աշխատում են, թե ոչ, գումար հատկացնել երեխայի խնամքի համար, և առաջնահերթություն տալ ուսանող մայրերին: