25-01-2017 20:32

ՌԴ–ում պատիժը կրող Հրաչյա Հարությունյանի բուժումը կկազմակերպվի քաղաքացիական բժշկական հաստատությունում

Հայաստանի Հանրապետության մարդու իրավունքների պաշտպանի և Ռուսաստանի Դաշնության մարդու իրավունքների հանձնակատարի հաստատությունների միջև համագործակցության համաձայնագրի շրջանակներում ՌԴ հանձնակատարի ներկայացուցիչները հատուկ այցելություն են կատարել ազատությունից զրկման այն վայր, որտեղ պատիժ է կրում ՀՀ քաղաքացի Հրաչյա Հարությունյանը, հաղորդում է ՀՀ մարդու իրավունքների պաշտպանի աշխատակազմը։
Հարությունյանի բժշկական փաստաթղթերի ուսումնասիրությունից պարզվել է, որ նա գտնվում է բժշկական հսկողության ներքո: Ներկայումս նրա առողջական վիճակը բուժաշխատողները գնահատել են բավարար:
Այցի ընթացքում Հրաչյա Հարությունյանը հանձնակատարի ներկայացուցիչներին գանգատվել է մեջքի շրջանում ցավերից: Դրա հիման վրա ազատությունից զրկման վայրի բժշկական ղեկավարության հետ համաձայնություն է ձեռք բերվել առ այն, որ 2017 թվականի հունվար-փետրվար ամիսներին քաղաքացիական բժշկական հաստատությունում կկազմակերպվեն Հ. Հարությունյանին անհրաժեշտ հետազոտությունները և համապատասխան բուժումը:
ՌԴ մարդու իրավունքների հանձնակատար Տատյանա Մոսկալկովան պատասխան նամակով տեղեկացրել է նաև, որ Հրաչյա Հարությունյանի իրավունքների պահպանման հարցը վերցված է հատուկ հսկողության:
2013 թվականի հուլիսի 13–ին խճով բեռնված բեռնատարը, որի ղեկին Հարությունյանն էր, բախվել է Պոդոլսկից Կուրիլովո մեկնող 64 ուղևորով ավտոբուսին։ Վթարի հետևանքով զոհվել է 18 մարդ, տուժել է ավելի քան 40–ը։ Քննության ընթացքում պարզվել է, որ բեռնատարը պատշաճ չի սպասարկվել, ինչի հետևանքով արգելակման համակարգը խափանումներով է աշխատել։ Հարությունյանը, քննության կարծիքով, պետք է իմանար դրա մասին։ Պոդոլսկի ՃՏՊ–ն Ռուսաստանի ժամանակակից պատմության ընթացքում խոշորագույնն է Մոսկվայի շրջանում։
2014 թվականի օգոստոսի սկզբին Մոսկվայի Տրոիցկի դատարանը Հարությունյանին մեղավոր է ճանաչել նախապես կեղծ փաստաթղթի օգտագործման և ճանապարհային երթևեկության կանոնները խախտելու համար, ինչն անզգուշությամբ հանգեցրել է երկու և ավելի մարդկանց մահվան։ Հարությունյանին դատապարտել են վեց տարվա և ինն ամսվա ազատազրկման ընդհանուր ռեժիմի գաղութում։