Բավ է պառակտվել
02-05-2014 19:07

Բյուրեղավանի գիշերօթիկ հաստատության տնօրենը մեծ աղմուկից հետո ազատվեց աշխատանքից

Աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարության մամուլի ծառայությունից հայտնում են , որ հաշվի առնելով երեխաների խնամքի եւ պաշտպանության աշխատանքներում արձանագրված թերությունները, կոլեկտիվում ստեղծված անառողջ մթնոլորտը, պաշտոնական պարտականությունների ոչ պատշաճ իրականացումը` «Բյուրեղավանի երեխաների խնամքի եւ պաշտպանության գիշերօթիկ հաստատություն» պետական ոչ առեւտրային կազմակերպության տնօրեն Գայանե Մարգարյանը ՀՀ աշխատանքի եւ սոցիալական հարցերի նախարար Ա. Ասատրյանի հրամանով ազատվել է աշխատանքից:

Նախարարի մեկ այլ հրամանով` ծառայողական պարտականությունները անհարգելի պատճառով ոչ պատշաճ կատարելու համար ՀՀ աշխատանքի եւ սոցիալական հարցերի նախարարության աշխատակազմի ընտանիքի, կանանց եւ երեխաների հիմնահարցերի վարչության պետ Լալա Ղազարյանին հայտարարվել է խիստ նկատողություն:

«Միաժամանակ տեղեկացնում ենք, որ ՀՀ կառավարության որոշմամբ` երեխաների խնամքի եւ պաշտպանության կազմակերպման առկա խնդիրներին լուծումներ տալու նպատակով, իրականացվում են աշխատանքներ խնամքի հաստատություններում պաշտոնների անվանացանկերը եւ այդ անվանացանկերում ներառված պաշտոնների նկարագրերը հաստատելու ուղղությամբ: Երեխաների խնամքի հաստատություններում պետք է աշխատեն մասնագիտական կրթության եւ որակավորման, աշխատանքային փորձին, պահանջվող գիտելիքներին ու հմտություններին վերաբերող ամբողջական չափանիշներին համապատասխանող անձինք:

Մինչեւ 2014 թվականի հուլիսի 1-ը նախատեսված է նշված աշխատանքներն ավարտել եւ նախարարության ենթակայությանը հանձնված պետական ոչ առեւտրային կազմակերպություններում ներդնել աշխատողների աշխատանքի կազմակերպման միասնական նոր համակարգ, ինչը հնարավորություն կտա խնդիրներին տալ ամբողջական եւ համակարգային լուծումներ»,-ասված է նախարարության տարածած հաղորդագրության մեջ:
Հիշեցնենք, որ Բյուրեղավանի գիշերօթիկ դպրոցի մի խումբ աշխատակիցներ ապրիլի 4-ին բաց նամակ էին տարածել հաստատությունում տիրող անառողջ բարոյահոգեբանական մթնոլորտի, երեխաների հանդեպ բռնություն գործադրելու, ֆինանսական ապօրինությունների, ՊՈԱԿ-ի տնօրեն Գայանե Մարգարյանի՝ պաշտոնեական դիրքը չարաշահելու ու հովանավորչությունից օգտվելու վերաբերյալ: Լրատվամիջոցները եւ սոցիալական կայքերը արագ արձագանքել են դրան, այցեր կատարել հաստատություն ու հարցազրույցներ վերցրել աշխատակիցներից ու երեխաներից:

Այս նամակին արձագանքել էր ՄԻՊ-ը, որը աղմկահարույց փաստեր էր բացահայտել ու հրապարակել: Փաստի առթիվ հարուցվել էր քրեական գործ: Գիշերօթիկ դպրոց էր արցելել նաեւ երկրի վարչապետ Հովիկ Աբրահամյանը: