Բավ է պառակտվել
10-12-2015 15:26

Ֆրանսիական դեսպանությունը հայ երիտասարդներին Ֆրանսիայում կրթաթոշակ կտրամադրի

Հայաստանում Ֆրանսիայի դեսպանությունն առաջին անգամ երկու հայ անիմատորների Ֆրանսիայի Անգուլեմի անիմացիոն դպրոցում սովորելու համար կրթաթոշակ կտրամադրի, այսօր լրագրողներին ասաց մշակույթի գծով կցորդ Նատալիա Ցագրիսը։ Կրթաթոշակները կտրամադրվեն ReAnimania միջազգային անիմացիոն կինոփառատոնի հետ դեսպանության գործակցության շրջանակում։ «Ֆրանսիան աշխարհի այն առաջատար երկրներից է, որը ֆինանսավորում է ստեղծագործական ինդուստրիայի զարգացումը, հատուկ նշանակություն տալով կինոմատոգրաֆին, և մասնավորապես, անիամցիային»,– նշել է Ցագրիսը։ Նա ավելացրել է, որ Ֆրանսիան անում է հնարավորինս, որ մշակութային ինդուստրիայի ոլորտները, օրինակ, կինոմատոգրաֆը, զարգանան Հայաստանում։ «Ֆրանսիայի դեսպանությունը գործակցում է մի շարք հայկական կինոփառատոների հետ, ինչպիսիք են ReAnimania–ն, «Կինը» և «Ոսկե ծիրանը»։ Մենք արդեն մի քանի տարի գործակցում ենք ReAnimania փառատոնի հետ։ Այս տարի փառատոնում ներկայացվել է 48 ֆրանսիական անիմացիոն ֆիլմեր»,– ընդգծել է Ցագրիսը։ ReAnimania փառատոնի հիմնադիր և տնօրեն Վրեժ Քասունին ավելացրեց, որ կրթաթոշակների մրցույթն անցկացվել է դեռ հոկտեմբերին, ինչի արդյունքում Անգուլեմի անիմացիոն դպրոցն ընտրել է երկու հայ երիտասարդ անիմատորների` Լևոն Բաղդասարյանին և Շուշանիկ Եսայանին, ովքեր հաջորդ տարի կմեկնեն Ֆրանսիա։ «Բաղդասարյանը ստացել է առաջին կրթաթոշակը, որը հնարավորություն է տալիս միամսյա ուսուցողական դասընթաց անցնել անիմացիոն դպրոցում 2016 թվականի հունվարին, իսկ Եսայանը կմեկնի երկրորդ կրթաթոշակով 2016 թվականի ապրիլ-մայիսին 1.5 ամսով»,– նշեց Քասունին։ Նա ընդգծեց, որ փառատոնը կշարունակի համագործակցել Ֆրանսիայի դեսպանության հետ, հույս հայտնելով, որ հաջորդ տարի կրթաթոշակառուների թիվը կավելանա։ «ՌեԱնիմանիա» միջազգային անիմացիոն կինոփառատոնն առաջին անգամ անցկացվել է Երևանում 2009 թվականին։ Նախագծի նխատակն անիմացիոն արվեստի օժանդակությունն է, համաշխարհային կարգի անիմատորների նոր սերնդի դաստիարակությունը և հայ անիմատորների աշխատանքների ցուցադրությունը համաշխարհային ասպարեզում, ինչպես նաև ամբողջ աշխարհից լավագույն անիմացիոն ֆիլմերի ցուցադրությունը։ Վերջին, յոթերորդ փառատոնն անցկացվեց Հայաստանում հոկտեմբերի 28–ից նոյեմբերի 3–ը։