Բավ է պառակտվել
01-04-2014 20:11

Ե՞րբ կարող է տղամարդն արտասվել...հարուստների համար նա ՛՛բոմժ է՛՛, սիրո կարոտ ՛՛բոմժ՛՛

Երևանյան սուպերմարկետներից մեկի մոտ գրեթե ամեն օր անվասայլակին գամված մի տղամարդ է մոտենում և մոտ 2 ժամ մնում է մուտքի մոտ: Նպատակը միանշանակ պարզ է, այդ սուպերմարկետը աչքի է ընկնում թանկ գներով ու բազմաթիվ տեսականիով, իսկ այցելուները հաստատ դատարկ գրպանով չեն մտնում: Իսկ ահա նրան տեսնելով՝ կխղճան ու գումար կտան, ինչու չէ նաև ուտելիք: Մոտ 30 րոպե կանգնած եմ սուպերմարկետի մուտքի մոտ ու հետևում են անցուդարձը: Կայանած մեքենաներից ամենաէժանը մոտ 15 հազար ամն դոլոր կլիներ: Մարդիկ խանութից դուրս էին գալիս բավականին ծանր տոպրակներով, ժպիտը դեմքներին, բարձր ծիծաղով, գալիս ու անտարբեր հայացքով նստում էին իրենց թանկարժեք մեքենան ու հեռանում էին: Իսկ անվասայլակին գամված տղամարդը ոչինչ չէր անում, գլուխը կախ սպասում էր ու սպասում, գութ ակնկալում, բայց ապարդյուն:
Հարբած է, մտածեցի, երևի լավ են ճանաչում ու չեն էլ ցանկանում օգնել նրան, բայց մյուս կողմից էլ խիղճն է խոսում, իսկ եթե զուր մեղադրում եմ...
Մոտեցա, ՛՛հոտոտեցի... ոչ, հարբած չէր, պարզապես սոված էր ու չէր կարողանում գլուխը վեր բարձրացնել: ՛՛Մածուն կբերե՞ս՛՛, խնդրեց տարեց մարդը, քրքրված գրպանից զնգզնգացող 10 դրամանոցների միջից գտավ 200 դրամանոց: Ամաչում էր, չէր ցանկանում ուրիշի հաշվին մածուն ուտել...Արտասվել կարելի էր այն պատկերից, թե ինչ հաճույքով, ինչ դողերոցքով էր նա հացը ձեռքում բռնել, ուտում էր, բայց նաև մտածում, որ կեսը պետք է պահի, միգուցե վաղը իրեն օգնող չլինի, հացը պահում էր ծոցագրպանում, այնուհետև հանում էր, նայում, մի կտոր կծում, նորից երկու ձեռքով գրկում ու դոշին սեղմում...Քաղց, սա կոչվում է քաղց, բայց կուշտն ի՞նչ իմանա սովածի ստամոքսում ինչ է կատարվում...

՛՛Մենակ չեմ ապրում, եթե ապրածս կարելիա ապրել ասել, դժողքա, ապրուստ չի, ես ինվալիդ եմ, չեմ կարում քայլեմ, տանեցիներս էլ սրտացավ չեն իմ հանդեպ, երևի մտածում են ավելորդ գլխացավանք եմ իրանց համար՛՛,-Gisher.news-ի հետ զրույցում ասաց նա, ով այդպես էլ իր անունը չցանկացավ ասել: Սովորաբար սոցիալապես անապահով ընտանիքների հետ զրուցելիս, նրանցից կարողանում ես իմանալ ամեն ինչ, մանրամասներ, անձնական տվյալներ, սակայն այս տղամարդը չէր ցանկանում որևէ բան ասել, խոսում էր բավականին ցածր ձայնով, ու ասում էր, որ բնավ ցանկություն չունի խոսելու ու իր դաժան օրերը վերապրելու. ՛՛Օրերը տաքացել են, առավոտից մինչև իրիկուն կարամ սենց փողոցներում մնամ, մարդկանց նայեմ, խիղճը չափեմ, բայց ասեմ,մարդկանց խիղճը շատ ՛՛կարճ է՛՛, փոխարենն արհամարհանքն է շատ ՛՛երկար՛՛՛՛,-ասաց անվասայլակին գամված տղամարդը, ում մուրացկան չէր կարելի անվանել:

Հինգ րոպե լռելուց հետո բացականչեց. ՛՛Բա երկուսս էլ տղամարդ ենք, ես էլ, եդ ֆիրմա ավտոն նստողն էլ, ինչո՞վ եմ իրանից վատը, որ Աստված որոշեց ինձ կյանքի էս բաժինը տա, որ անգամ երեխեքիցս օգնություն չեմ կարում ստանամ, բեռ եմ դարձել, ասա, ետ տղեն ինձնից լավնա՞, որ ֆիրմա ավտոն նստեց, ճռռացնելով գնաց, ըսկի վրես էլ չնայեց, ու ստացվումա, որ ինքը լավ տղայա, ես վատն եմ, ստացվումա ես հարբեցող եմ...ես չեմ խմել ու չեմ էլ խմում, դու էլ չէ՞, մտածեցիր բոմժ-հարբեցող եմ...՛՛:

Այո, տղամարդու համար թերևս ամենադաժան պատիժն է թերարժեքության բարդույթը, անհավասարի զգացումը, անկարողի պիտակը. ՛՛Ես տղամարդ եմ, բայց անկարող եմ աշխատել, փող տանել տուն, որ գոնե կնիկս մեկ-մեկ հիշի ՝ մարդ ունի, դե տենցա չէ, փողով են չափում տղամարդկայնությունդ: Չնայած ինչ տուն, ախպերս հետս կռիվ արեց, թե երեք տղա ունի, տունը սաղ իրանով արեց, ես էլ ջահել կնկաս հետ փողոցը մնացի, հանրակացարանում էինք ապրում, 4 աղջիկ էլ ես ունեցա, դե իմը աղջիկ էր, ախպերս էլ որոշեց ինձ տուն չտա: Հա աղջկերքս պսակվել են, ամաչում են ինձանից, չեն շփվում, որ փեսեքս չասեն բոմժի աղջիկ եք՛՛,-տղամարդը արտասվեց, հազիվ լսելի ձայնով բացականչեց.՛՛Ես մեղավո՞ր եմ, որ բանվորություն անելուց, ոտքս մնաց շատ ծանր երկաթի տակ, ու թոփալ եմ, հիմա էլ մեծացել եմ, ներվս ձգվելա, չեմ կարում քայլեմ, բա երեխեքս ո՞ր օրվա համար էին՛՛:
Տղամարդը լաց էր լինում, թերևս ի՞նչը կարող է տղամարդուն ստիպել արտասվել.՛՛ Լացում եմ կորած սիրուս համար, էտքան սիրեմ կնկաս, ինքն էլ ինձ,ու էսօր, որ օգնության ու սիրո կարիք ունեմ՝ ինձ արհամարհի՞, ինչի՞, բա սերը էտա՞: Բա ինչի՞ են եկեղեցում երդում տալիս...՛՛:
Մոտ մեկ ժամվա ընթացքում տղամարդուն նկատեց մի կին, ով սուպերմարկետից դուրս եկավ ու մոտեցավ իր BMW մակնիշի ավտոմեքենային. ՛՛Վաաայ, էս մարդն էլ իրա կայլասկայով հա խանգարումա, տո լավ էլ հարուստա հա, ստից մեր փողերնա ուզում պոկած լինի...՛՛...

Սյուզի Ասատրյան