Բավ է պառակտվել
21-04-2014 15:19

՛՛Դեմ եմ՛՛-ը Քանաքեռ-Զեյթունում իրազեկման ակցիա անցկացրեց

Այսօր, ՛՛Կուտակային կենսաթոշակների մասին՛՛ օրենքի որոշ դրույթների դեմ հանդես եկող «Դ!ԵՄ ԵՄ» նախաձեռնության մի քանի անդամներ Քանաքեռ-Զեյթուն համայնքում իրազեկման ակցիա անցկացրին: Նրանք կոչ էին անում բոլորին չենթարկվել ճնշումներին և թույլ չտալ, որպեսզի իրենց աշխատավարձից պահումներ անեն: Նրանք նշեցին, որ մոտ 70-80 գործատու չեն մուծում և որևէ պահումներ չեն անում իրենց աշխատողների աշխատավարձերից: 

՛՛Սիրելի քաղաքացիներ, մնում է ընդվզել բոլոր ձեռնարկություններում՝ լինի պետական, թե մասնավոր: Թույլ մի տվեք, որ որևէ պահումներ կատարեն, որովհետև իշխանությունն այլ օրինական ձև չի կարող գտնել, որ պահումներ անի: Կոչ ենք անում չենթարկվել որևէ ճնշման ու չտրվել սադրանքի՝ աշխատանքից ազատելու սպառնալիքի տակ՛՛,-ասաց նախաձեռնության անդամ Հայկ Ավետիսյանը:

Բնակիչներից շատերն արձագանքում էին կոչերին ու նշում , որ իրենք ևս դեմ են այս համակարգին:

՛՛Եթե այսօր էլ հնարավորություն ունենամ երեխաներիս դուրս կհանեմ երկրից: Բոլոր ջահելների անունից ասում եմ, որ դեմ ենք՛՛,-նշեց բնակիչներից մեկը:

՛՛Ես փոքր բիզնես ունեի՝ եկան քանդեցին, մի հատ չօգնեցին, չխթանեցին, դրա համար հույս ու հավատ չկա, որ կուտակայինը ինչ-որ օգուտ կարա տա ժողովրդին՛,-հավելեց տարածքի խանութներից մեկի տերը:
Ակցիային հեռվից հետևում էին ոստիկանության աշխատակիցներ: