Բավ է պառակտվել
12-07-2014 20:28

Դավիթն ապրում է բրենդային խանութի աստիճանների տակ

Գրեթե ամեն օր Սուրբ Զորավար եկեղեցում Աստծուց խնդրում է, որ ոչ մի մարդ իր կարգավիճակում չհայտնվի: Դավիթնը 20-ամյա մի երիտասարդ է, ով արդեն 8 տարի ապրում է դրսում, շների հարևանությամբ: 12 տարեկան էր, երբ միակ հարաազատը՝ տատիկը մահացավ:
՛՛Լաց էի լինում, չէի էլ մտածում, որ ամբողջովին որբ եմ մնացել՛՛,- նշում է Դավիթը ու պատմում, որ տատիկի թոշակով ապրում էին, անգամ կարողանում էր իր համար հագուստ գնել:
Տղան չունի անձնագիր, այդ պատճառով չի կարողանում անգամ բանվորի աշխատանք գտնել: Պատմում է, երբ տատիկը մահացավ, իրեն հանրակացարանից հանեցին, քանի որ շենքը պետք է քանդվեր, 12-ամյա տղան այս մեծ աշխարհում մնաց ամբողջովին մենակ: Առաջին քայլը որ արեց, բարձրացավ շենքի տանիք, որն էլ հետագայում իր համար դարձավ կացարան: Սակայն զարմանալի է, թե ինչպե՞ս կարող է պատանին դիմանալ ձմռան ցրտին: Gisher.news-ի հետ զրույցում Դավիթը պատմեց, որ շենքի տղաները իրեն հագուստով օգնում են, ձմռան հագուստ ևս ունեցել է, սակայն երբ տանիքից իրեն վռնդեցին ու դուռը կողպեցին, իր հագուստները մնացին տանիքում:
Նման մարդկանց կողքին շատ անգամ ամաչում ես նրա համար, որ չես գնահատում քո ունեցածը, իսկ ավելի ամոթալի այն, որ տղան եկեղեցում աղոթում է մեզ համար, որպեսզի չհայտնվենք իր կարգավիճակում, մի բան էլ է Բարձրյալից խնդրել, խելք, որ կարողանա դուրս գալ այս դժվարին իրավիճակից:

Տիկին Նարինեն տղային գրեթե ամեն օր հանդիպում է եկեղեցում, գումար մուրալիս: Որոշել է հավաքել բարի մարդկանց և հնարավորինս օգնել Դավիթին: Տղան ապրում է այստեղ: Բրենդային խանութի աստիճանների տակ: Ասում է՝ այստեղ շներ են ապրել, իսկ այժմ տեղը զիջել են իրեն: Դավիթը հավաքում է չնչին գումար և փորձում դրանով հագեցնել քաղցը.՛՛ Սմետան ու հաց եմ առնում, ամբողջն ուտում եմ ու վերջ՛՛:
Պարզվեց, որ տղան անգամ չի հիշում, թե վերջին անգամ, երբ է տաք կերակուր վայելել.՛՛ Սուպ չեմ կերել, երևի մի տարի կլինի, չեմ կերել, իսկ տատիս փլավ էր սարքում, սալաք կամ մի թեթև բան, բայց լավ էր տատիիս հետ՛՛:

Դավիթը վաղ առավոտից ոչինչ չէր կերել, հավաքվել է ընդամենը 140 դրամ: Այսպես ասած տղայի օրգանիզմն արդեն կոփված է, սովին էլ է դիմակայում: Սակայն անգամ առաջին հայացքից պարզ է դառնում, որ 20-ամյա Դավիթի առողջականը լավ չէ, շուտ է հոգնում: Ասաց, որ թոքերի հատվածը ևս ցավում է:

Նա մեծ ոգևորությամբ մտնում է իր անկողինը, ուտում գթասիրտ մարդկանց կողմից տված հաց ու պանիրը և քնում:
Նշենք, որ եկեղեցու բակում Դավիթին ամեն օր տեսնելով տիկին Նարինեն խղճացել էր: Հավաքել էր եկեղեցի հաճախող գթասիրտ մարդկանց, ովքեր թվով 1-2 հոգի էին: Որոշեցին, որ տղային պետք է կնքեն,  Տիկին Նարինեն վստահ է, եթե կնքվի, ապա բարի մարդկանց ուշադրությանն ավելի շատ կարժանանա, ըստ այդմ նրան օգնելու հավանականությունը կմեծանա, իսկ առաջին հերթին նրա հիգիենան է, շտապ լողացնել է հարկավոր:

Սյուզի Ասատրյան