Բավ է պառակտվել
11-04-2014 11:21

ՀՀ դատախազությունը ՛՛Դեմ եմ՛՛-ին նախազգուշացնում է, որ ճանապարհ փակելը քրեական ու վարչական պատասխանատվություն է ենթադրում

Ճանապարհ փակելը եւ երթեւեկությանը խոչընդոտելը առաջ են բերում քրեական եւ վարչական պատասխանատվություն: Այս մասին հայտարարություն է տարածել Հայաստանի գլխավոր դատախազությունը՝ անդրադառնալով ապրիլի 9-ին, «Դեմ եմ» շարժման կազմակերպած բողոքի ակցիայի մասնակիցների նստացույցի հետեւանքով ճանապարհը փակելու փաստին:

Հայտարարությունում, մասնավորապես, ասվում է. «2014 թվականի ապրիլի 9-ին, «Դեմ եմ» շարժման կազմակերպած բողոքի ակցիայի մասնակիցների նստացույցի հետեւանքով, տեւական ժամանակով փակվել էր Երեւան քաղաքի Նալբանդյան փողոցը, ինչի արդյունքում կաթվածահար էր եղել Նալբանդյան եւ հարակից փողոցների երթեւեկությունը: ՀՀ գլխավոր դատախազությունը հիշեցնում է, որ ճանապարհ փակելը եւ երթեւեկությանը խոչընդոտելը առաջ են բերում քրեական եւ վարչական պատասխանատվություն: Կրկնվելու դեպքում կազմակերպիչների եւ մասնակիցների նկատմամբ կիրառվելու են օրենքով սահմանված պատասխանատվության միջոցներ: ՀՀ գլխավոր դատախազությունն ընդգծում է, որ հավաքներ եւ երթեր անցկացնելու քաղաքացիների իրավունքի իրացումը չպետք է զուգորդվի հասարակական կարգի եւ այլոց սահմանադրական իրավունքների եւ ազատությունների կոպիտ եւ միտումնավոր խախտումներով: Առավել եւս անթույլատրելի է, երբ հասարակական կարգի կոպիտ խախտումը եւ այլոց իրավունքների ոտնահարումը ինքնին դառնում է բողոքի ակցիայի հիմնական նպատակը: ՀՀ օրենսդրությունը ցանկացած բողոքի ակցիայի կամ հավաքի մասնակիցներին եւ կազմակերպիչներին ընձեռում է բավարար հնարավորություններ՝ կազմակերպելու իրենց հավաքներ անցկացնելու սահմանադրական իրավունքների իրացումը առանց հասարակական կարգը կոպիտ խախտելու եւ այլոց սահմանադրական իրավունքները սահմանափակելու»: