Բավ է պառակտվել
14-06-2014 16:31

Նախագահը մասնակցել է Լենինգրադյան փողոցի նոր ավտոմայրուղու սկզբնամասի բացմանը (լուսանկարներ)

Նախագահ Սերժ Սարգսյանն այսօր Երևանի քաղաքապետ Տարոն Մարգարյանի ուղեկցությամբ այցելել է նաև մայրաքաղաքի Լենինգրադյան փողոցի նոր ավտոմայրուղու սկզբնամաս, որտեղ քաղաքապետը ներկայացրել է Լենինգրադյան փողոցից մինչև Ծովակալ Իսակովի պողոտա անընդհատ երթևեկությամբ քաղաքային ավտոմայրուղու և Ծովակալ Իսակովի պողոտան Արշակունյաց պողոտային միացնող ավտոմայրուղու կառուցման ուղղությամբ իրականացված լայնածավալ աշխատանքները:

Նշվել է, որ Երևանի քաղաքապետարանի պատվերով նախագծվել և ծրագրի առաջին փուլում իրականացվել է Լենինգրադյան փողոցից մինչև Ծովակալ Իսակովի պողոտա անընդհատ երթևեկությամբ քաղաքային ավտոմայրուղու կառուցումը: Մայրուղու շինարարության մեկնարկը տրվել է 2012 թվականի հուլիսին, ավարտվել՝ 2014թ. մայիսի 31-ին: Կառուցվել են երկու տարբեր մակարդակների վրա տրանսպորտային հանգույցներ` Ծովակալ Իսակովի պողոտայի և Լենինգրադյան փողոցի հետ հատումներում։ Պողոտայի հանգույցն ապահովում է մեքենաների երթևեկությունն առանց հատումների և ստեղծում տրանսպորտային կապ՝ պողոտայի և նոր մայրուղու միջև։ Կառուցվել է եռաթռիչք միաձույլ երկաթբետոնե ուղեանց: Լենինգրադյան փողոցում կառուցվել է թունելային անցում՝ համապատասխան թեքանցներով։ Ճանապարհին զուգահեռ 1.6 կմ երկարությամբ հատվածում՝ դեպի Ծիծեռնակաբերդի խճուղու հարակից տարածքի հետագա կառուցապատման համար, կառուցվել է տեղական նշանակության ճանապարհ՝ 6.8 մ լայնությամբ: Ավտոմայրուղու շինարարության նախահաշվային ընդհանուր արժեքը կազմում է 7896,0 մլն դրամ:


Նախագահին ներկայացվել է նաև Երևանի քաղաքապետարանի զարգացման ծրագրերով հեռանկարում կառուցվելիք Արշակունյաց պողոտայից դեպի Ծովակալ Իսակովի պողոտա 3.1 կմ ընդհանուր երկարությամբ ավտոճանապարհը, որը կանցնի Հրազդան գետի վրայով և նախատեսվող «Երևան-Բերդ» նախագծային թաղամասի եզրով ու կարող է միանալ Ծովակալ Իսակովի պողոտայի տրանսպորտային հանգույցին՝ այդպիսով ապահովելով Արշակունյաց պողոտայից դեպի Լենինգրադյան փողոց և հակառակ ուղղությամբ տրանսպորտային անընդհատ երթևեկը, ինչի արդյունքում էականորեն կբեռնաթափվի դեպի մայրաքաղաքի կենտրոն տրանսպորտային հոսքը։