26-12-2016 14:07

Աննախադեպ իրադարձություն Հայաստանում. Շիրակի մարզում կանեփի լաբորատորիա է հայտնաբերվել (Տեսանյութ)

Հայաստանի իրավապահները կանեփի լաբորատորիա են հայտնաբերել Շիրակի մարզի Վահրամաբերդ գյուղում։ 

ՀՀ ոստիկանության մամուլի ծառայության հաղորդմամբ, դեկտեմբերի 12–ի գիշերը ոստիկանության Մուշի բաժնի քրեական հետախույզները, օպերատիվ տվյալներ իրացնելով, Գյումրիի Երևանյան խճուղուց ապօրինի թմրամիջոց պահելու և օգտագործելու կասկածանքով Մուշի բաժին են բերման ենթարկել Գյումրիի բնակիչներ Արտյոմ Գրբաշյանին, Արթուր և Սերգեյ Ավետիսյաններին, Գալուստ Մարտիրոսյանին և Շավարշ Գյուլնաշյանին։
Անձնական խուզարկության արդյունքում ոստիկանները Մարտիրոսյանի գրպանից հայտնաբերել են թղթե փաթեթներ, որոնցում առկա էին կանեփանման մանրացված, չորացված զանգվածներ։
Ըստ Մարտիրոսյանի, հայտնաբերվածը թմրամիջոց է, պատկանում է իրեն, ամիսներ առաջ հավաքել է Երևանի Նորագավիթ համայնքի հարակից դաշտերում աճած կանեփի թփերից, չորացրել, պահել ծխելու համար։
Ոստիկանության հաղորդմամբ, հարցաքննվեցին նաև մյուս բերման ենթարկվածները։ Նշանակվեց դատաքիմիական փորձաքննություն։
«Հետաքննության ընթացքում պարզվել է նաև, որ Շավարշ Գյուլնաշյանը 2009 թ.–ի մարտի 4–ից հետախուզվում է ՌԴ Մոսկվայի ներքին գործերի գլխավոր վարչության կողմից ապօրինի թմրանյութ պահելու և օգտագործելու համար», – նշվում է հաղորդագրության մեջ։
Գյուլնաշյանի «Մերսեդես» մակնիշի ավտոմեքենայից խուզարկության արդյունքում իրավապահները հայտնաբերեցին 8 դեղահաբ`1 մեծ և 2 փոքր թղթե փաթեթներով, դարձյալ կանեփանման զանգվածներ, որոնց մի մասն իրենն էր, մյուսը` Գրբաշյանինը։
Նույն օրը Վահրամաբերդ գյուղում Շավարշ Գյուլնաշյանի տանն ու կից շինություններում ևս խուզարկություն է կատարվել։
Հինգ փաթեթներում առկա կանեփի զանգվածներից ու ցողուններից բացի, այն, ինչ իրավապահները հայտնաբերեցին իրոք աննախադեպ էր։
«Գյուլնաշյանը տանը կից կանեփի աճեցման և մշակման լաբորատորիա ուներ` համապատասխան ջերմային, լուսային և օդափոխիչ սարքավորումներով։ Ջերմոց հիշեցնող այս լաբորատորիայում առկա 41 ծաղկամաններից 9–ում կանեփի ցողուններ կային, ութ պլաստմասե տարաներում` նշված խոտաբույսի աճը խթանող համապատասխան վիտամիններ և պարարտանյութեր», – նշվում է հաղորդագրության մեջ։
Իրավապահները հայտնաբերել են նաև 9 դեղահաբ, որոնք, ըստ Գյուլնաշյանի, հոգեմետ դեղեր են, պատկանում են իրեն, երկուսը «Տրամադոլ» էր, մնացածն` անհայտ տեսակի։
Նշանակվել է դատաքիմիական փորձաքննություն։ Փաստի առթիվ հարուցված քրեական գործի նախաքննությունը շարունակվում է։