12-08-2015 11:57

Կանխվել է ադրբեջանական զինուժի դիվերսիոն ներթափանցման երկու փորձ

Կանխվել է ադրբեջանական զինուժի դիվերսիոն ներթափանցման երկու փորձՀՀ պաշտպանության նախարարության մամուլի ծառայությունը տեղեկացնում է, որ այսօր գիշերը ադրբեջանական դիվերսիոն խմբերի կողմից ձեռնարկվել է սահմանագոտու ներթափանցման երկու ձախողված փորձ: Նշվում է, որ Եվրոպական խաղերից անմիջապես հետո Ադրբեջանը մշտապես ապակայունացնում է իրավիճակը հայ-ադրբեջանական պետական սահմանին։ «Ադրբեջանի ռազմաքաղաքական ղեկավարությունը Եվրոպական խաղերից անմիջապես հետո մշտապես ապակայունացնում է իրավիճակը հայ-ադրբեջանական պետական սահմանին և ԼՂՀ ՊԲ պատասխանատվության գոտում: Հրադադարի ամենօրյա խախտումները իրականացվում են տարբեր տրամաչափի հրաձգային զենքերից, ինչպես նաև 60 և 82 մմ-ոց ականանետներից: ՀՀ պաշտպանության նախարարությունը գրեթե ամեն օր ներկայացնում է խախտումների վիճակագրությունը:  Անցնող գիշեր միայն 82 մմ-ոց ականանետներից ադրբեջանական ԶՈւ-երը արձակել են 109 ական: Նույն ժամանակահատվածում ադրբեջանական դիվերսիոն խմբերի կողմից ձեռնարկվել է սահմանագոտու ներթափանցման երկու ձախողված փորձ:  Հայկական կողմը Ադրբեջանի ռազմաքաղաքական ղեկավարությանը բազմիցս զգուշացրել է, որ հակամարտությունը ռազմական ճանապարհով լուծելու ձգտումներն ու հայտարարություններն ինքնախաբեություն են, իսկ այդ տրամաբանությամբ ձեռնարկվող սադրանքները Ադրբեջանի բանակի համար հղի են անկանխատեսելի հետևանքներով: ՀՀ պաշտպանության նախարարությունը կրկին անգամ կարևորում է հակամարտությունը բացառապես խաղաղ ճանապարհով լուծելու և այդ նպատակով ուժերի շփման գծում հրադադարի ռեժիմի պահպանման, փոխվստահության միջավայրի ձևավորման, ինչպես նաև հրադադարի խախտումների միջազգային հետաքննության մեխանիզմների ներդրման անհրաժեշտությունը»,– ասվում է ՊՆ մամուլի ծառայության տարածած մամուլի հաղորդագրությունում: