Բավ է պառակտվել
09-04-2014 16:16

Եվրոպայի հետ միասին ընդդեմ աղետների

Այսօր տեղի ունեցավ «Տեխնածին և տարերային աղետների կանխարգելում պատրաստվածություն և արձագանքում» (PPRD East) ծրագրի ազգային խորհրդատվական խմբի 3-րդ հանդիպումը: Հանդիպմանը մասնակցում էին ՀՀ ԱԻՆ տարբեր ստորաբաժանումների, առողջապահության, բնապահպանության, տարածքային կառավարման, էկոնոմիկայի, էներգետիկայի և բնական պաշարների, գյուղատնտեսության նախարարությունների, ԱՌՆԱՊ հիմնադրամի, ազգային անվտանգության խորհրդի, ԳԱԱ, Հայկական Կարմիր խաչի, ԵՄ պատվիրակության և ՄԱԿ-ի մանկական հիմնադրամի ներկայացուցիչներ: Հիմնական նպատակն էր ամփոփել ծրագրի շրջանակներում կատարված աշխատանքներն ու քննարկել հետագա անելիքները: ԵՄ Արևելյան հարևանության աջակցություն նախաձեռնության շրջանակներում իրականացվող «Տեխնածին և տարերային աղետների կանխարգելում պատրաստվածություն և արձագանքում» (PPRD East) ծրագիրը Հայաստանում մեկնարկել է 2011 թվականին: Այն իրականացվում է Հայաստանում, Ադրբեջանում, Բելառուսում, Վրաստանում, Մոլդովայում և Ուկրաինայում: Ծրագրի հիմնական նպատակն է երկրների տեխնածին և տարերային աղետների պատրաստվածության բարձրացման միջոցով շրջակա միջավայրի, բնակչության, մշակութային ժառանգության, տարածաշրջանի ռեսուրսների և ենթակառուցվածքների պաշտպանությունը Հանդիպմանը բացման խոսքով հանդես եկավ ՀՀ ԱԻՆ փրկարար ծառայության տնօրեն, գեներալ-մայոր Սերգեյ Ազարյանը: Ողջունելով մասնակիցներին` նա մասնավորապես ասաց. «Ծրագրից ակնկալվող արդյունքներն են գործընկեր պետությունների քաղպաշտպանության համակարգերի հնարավորությունների զարգացումը` տարերային, տեխնածին աղետների կանխարգելման, պատրաստվածության և արձագանքման ուղղությամբ, գործընկեր պետությունների բնակչության պաշտպանության մեխանիզմների համապատասխանեցումը ԵՄ մոդելին, ինչպես նաև գործընկեր երկրների միջև համագործակցության ամրապնդումը»: ԵՄ պատվիրակության ներկայացուցիչ Ինա Յանկուլովանն էլ ընդգծեց, որ սա տարածաշրջանում իրականացվող առաջին նմանատիպ ծրագիրն է. «Մենք ուզում ենք նվազեցնել երկրների խոցելիությունն աղետներից` մշակելով տարբեր մեխանիզմներ: Սակայն աղետների ռիսկի նվազեցումը կարող է արդյունավետ լինել գլխավորապես լավ սերտված դասերի շնորհիվ»: Ծրագիրը շարունակական է, շուտով ռիսկերի էլեկտրոնային քարտեզը հասանելի կլինի մասնագետներին, առաջիկայում կանցկացվեն մասնագետների վերապատրաստման դասընթացներ և աղետների միջազգային արձագանքման թեմայով վարժանքներ: