Բավ է պառակտվել
09-04-2016 10:23

Իսպանիայում հայերին խաղաղ ցույցեր կազմակերպելու արտոնություն չեն տալիս

Ղարաբաղա–ադրբեջանական շփման գծում տեղի ունեցած մարտական գործողությունները մտահոգում են նաև իսպանահայությանը։ Սակայն տեղի հայերը լայնամասշտաբ ցույց անելու խնդիր ունեն. Եվրոպայում կատարված ահաբեկչական գործողությունները եվրոպացիներին ստիպել են ավելի զգոն լինել և զգուշանալ նման միջոցառումներից։

Մադրիդում հայերը պատրաստվում են ցույց կազմակերպել Ադրբեջանի դեսպանատան առջև, սակայն դեռևս թույլտվություն չեն ստանում։ Իսպանական քաղաքներից միայն Վալենսիայում և Ալիկանտեում հայերը ցույցեր կազմակերպեցին, այն էլ` սակավաթիվ։ Իսպանիայում և Պորտուգալիայում Հայրապետական պատվիրակի փոխանորդ Տեր Սասուն ծայրագույն վարդապետ Զմրուխտյանը մեզ հայտնեց, որ Իսպանիայում իշխանությունը արտոնություն չի տալիս բազմամարդ ցույցերին։

«Եվրոպայում առհասարակ ցույցեր կազմակերպելու արտոնություն չեն տալիս` պատճառաբանելով, որ իրենք ցուցարարների անվտանգությունն ապահովելու բավարար ուժեր չունեն։ Զգուշանում են, որովհետև զանգվածային հավաքատեղիում կարող են ահաբեկչություն իրականացնել, ու նրանք դառնան պատասխանատու»,-ասաց Տեր Սասուն ծայրագույն վարդապետ Զմրուխտյանը։

Վալենսիայում, օրինակ, խաղաղ ցույցը նպատակահարմար էր, քանի որ այնտեղի պատգամավոր է Պեդրո Արգամունտը։ Նա բոլորին հայտնի է որպես ադրբեջանամետ պատգամավոր և պարբերաբար հանդես է գալիս հակահայկական հայտարարություններով։

«Նա ի պաշտոնե ազդեցիկ մարդ է. Եվրոպայի խորհրդի խորհրդարանական վեհաժողովի՝ ԵԽԽՎ-ի նախագահ է ընտրվել։ Աղբյուրներից հայտնի է, որ նա Ադրբեջանից գումարներ է ստանում և իր պաշտոնը վաճառքի հանում»,- ասաց նա։

Տեր Սասուն ծայրագույն վարդապետ Զմրուխտյանի խոսքով` այս պահին Իսպանիայի հայկական համայնքն ուզում է իսպանացի հեղինակավոր լրագրողների գտնել, ովքեր կհամաձայնեն մեկնել Արցախ ու տեղում ռեպորտաժներ պատրաստել։
«Հայ լրագրողների գրածն այնքան տեղ չի հասնում, ինչքան օտարինը»,- հավելեց նա։
Ապագա պլաններում է նաև ասուլիս կազմակերպելը, որին կմասնակցեն Իսպանիայում Հայաստանի դեսպանն ու իսպանացի պատգամավորները, ովքեր օբյեկտիվ կարծիք կհայտնեն ղարաբաղյան հակամարտության թեմայով։ Ինչ վերաբերում է իսպանահայերի` Արցախ մեկնելու ցանկությանը, ապա մեր զրուցակիցն ասաց, որ կոլեկտիվ մեկնելը խիստ ռիսկային է։
«Կան ազատամարտիկներ, որոնց առաջին ռեակցիան դա է` մարդ հավաքենք ու գնանք, բայց մարդ հավաքելով չէ։ Հիմա Իսպանիայում շատ լուրջ հետևում են, թե ով ուր է գնում, հատկապես երիտասարդները։ Հայտնի է, որ Եվրոպայից հազարավոր մարդիկ գնում են իսլամական բանակներում ծառայելու։ Դրա համար էլ կարող են սահմանը չանցած բռնեն ու երկար տարիներ նստացնեն առանց մի բան անելու»,-ասաց Տեր Սասուն ծայրագույն վարդապետ Զմրուխտյանը։
Ներկայում Իսպանիայում բնակվում է 55.000 հայ, որոնք ապրում են հիմնականում Մադրիդում (10.000), Բարսելոնայում (15.000), Սևիլիայում (1.000), Վալենսիայում (14.000) և Ալիկանտեում։