Բավ է պառակտվել
24-05-2014 14:48

Հայերը հեռանում են Ռուսաստան կյանքի ավելի լավ պայմաններ գտնելու նպատակով

2014թ. հունվարի 1-ից սկսած` ՌԴ առանց վիզա մուտքի իրավունք ունեցող պետությունների, այդ թվում` Հայաստանի Հանրապետության քաղաքացիները կարող են ՌԴ տարածքում մնալ 90 օր յուրաքանչյուր 180 օրվա ընթացքում:Նոր օրենքով սահմանված է նաև, որ եթե միգրանտը հիվանդության պատճառով գտնվում է առողջապահական հիմնարկում, ապա ժամկետների լրանալուց հետո համապատասխան փաստաթղթերի ներկայացման պարագայում հարգելի է համարվում երկրում գտնվելու առիթը: Այսօր, լրագրողների հետ հանդիպմանը ժողովրդագրագետ Ռուբեն Եգանյանը նշել է, որ եթե օրինական միգրանտ ես եղել և ունես աշխատանքային պայմանագիր, ապա մինչ պայմանագրի ժամկետի լրանալը կարող ես մնալ Ռուսաստանի տարածքում:

Եգանյանը նաև փաստեց, որ եթե ՌԴ տարածքում միգրացիոն օրենքներ ես խախտել, ապա կարող են 5 տարով տվյալ մարդու մուտքը արգելել: Այս օրենքը միայն հայերի դեմ չի գործում, նշեց բանախոսը և հավելեց, որ մոտ 200 հազար հայ միգրանտի մուտքն արդեն իսկ 5 տարով արգելվել է:

Որպեսզի խուսափենք ավելորդ քաշքշուքներից և խնդիրների առաջ չկանգնենք, Եգանյանը խորհուրդ է տալիս զգոն լինել, մինչ մեկնելը հիշել ու պարզել, արդյո՞ք ՌԴ տարածքում վարչական խախտումներ չենք արել, քանի որ պատիժը ոչ միայն տուգանքի վճարումն է այլև տվյալ երկիր մուտքի արգելքը: Իսկ արդյո՞ք հայերը իրենց Ռուսաստանում ավելի լավ են զգում և գոհ են աշխատանքից: Եգանյանը նշում է, որ հայը ընտանիք պահելու խնդիր ունի: Լրագրողների այն դիտարկմանը,որ հայ տղամարդիկ այն ինչ ամաչում են Հայաստանում անել, մեծ հաճույքով աշխատում են Ռուսաստանում, Եգանյանը նշեց, որ մենթալիտետի խնդիր չկա, պարզապես հարկավոր է ընդունել, որ եթե մարդիկ լքում են իրենց երկիրը և մեկնում, ուրեմն պայմանները լավ են: