Բավ է պառակտվել
24-03-2014 09:44

Թուրքիան ոչ միայն քաջալերել է զինյալների մուտքը Քեսաբ, այլև նրանց տրամադրել է ծանր զենքեր և դյուրացրել է նրանց առաջխաղացումը. դեսպան

Բերիո լուրերի ֆեյսբուքյան էջը տեղեկցնում է, որ ուրբաթ թուրքական սահմանի կողմից, Սիրիայի հայաբնակ Քեսաբ ավանի վրա սկսված հարձակման առաջին իսկ ժամերից Մեծի Տանն Կիլիկիո կաթողիկոս Արամ Ա.-ը հետևում է ստեղծված կացությանն ու դժվարություններին, որոնց առերեսվում են հատկապես Քեսաբի հայերը:
Վեհափառը կապեր է հաստատել Հալեպի, Լաթաքիայի, Դամասկոսի և Լիբանանի հոգևոր, համայնքային և քաղաքական պատասխանատուների հետ և խորհրդակցություններ անցկացնել։
Երբ շաբաթ օրը Թուրքիայից ավելի կազմակերպված կերպով մի քանի ճակատներով ներթափանցումներ կատարվեցին՝ թիրախում ունենալով Քեսաբը, Արամ Ա.-ն կապվել է Սիրիայի նախագահական պալատի հետ և պահանջել անմիջապես բանակային նոր ջոկատներ ուղարկել Քեսաբ՝ պաշտպանելու շրջանի հայությանը։
Նույն օրը գիշերը Վեհափառին այցելել է Լիբանանում Սիրիայի դեսպանը և հայտնել, թե Սիրիայի նախագահ Բաշար ալ-Ասադն իրեն հանձնարարել է տվել անմիջապես այցելել Վեհափառ հայրապետին և վստահեցնել, որ սիրիական պետությունն ու բանակն անելու են հնարավորը՝ շրջանում խաղաղության վերահաստատման համար։
Ավելի քան մեկ ժամ տևած հանդիպման ընթացքում դեսպանը հայտնել է, որ իրենց ունեցած հստակ տեղեկությունների համաձայն՝ Թուրքիան ոչ միայն քաջալերել է զինյալների մուտքը Քեսաբ, այլև նրանց տրամադրել է ծանր զենքեր և դյուրացրել է նրանց առաջխաղացումը։
Դեսպանը նշել է, որ թեև Սիրիայի բանակը զոհեր է տվել, սակայն կարողացել է զգալի չափով հետ մղել զինյալների թափանցումը։ Դեսպանն ասել է, որ Սիրիայի նախագահն ու պետությունը խոր հարգանք ունեն հայ ժողովրդի հանդեպ և սիրիահպատակ հայերին համարում է սիրիական հայրենիքի հավատարիմ քաղաքացիներ ու նրանց պաշտպանությունը պետության պարտականությունն է։
Նա նաև նշել է, որ Քեսաբը ռազմավարական նշանակություն ունի Սիրիական բանակի համար, ապա ավելացրել, որ բանակը ժամանակավորապես հայությանը փոխադրել է Լաթաքիա՝ անվտանգության նկատառումներով։
Ավելի ուշ վեհափառը հոգևորականներից բաղկացած մի պատվիրակություն է ուղարկել Լաթաքիա։
Երեկ կեսօրին Լիբանանում Սիրիայի դեսպանը պատգամավոր Հակոբ Բագրատունու միջոցով Արամ Ա.-ին հայտնել է, որ Սիրիայի նախագահ Բաշար ալ-Ասադը վերահաստատել է իր հանձնառությունը՝ Քեսաբում շուտով անվտանգությունը վերահաստատելու համար, միաժամանակ հայտնել է, որ ինքը պատրաստ է ցանկացած պահի հանդիպել Վեհափառ հայրապետի հետ։