28-04-2014 20:39

Խստորեն կվերահսկվի ապօրինի շինարարության կանխարգելումը

Ապօրինի շինարարության և բացօթյա ապօրինի առևտրի կանխարգելման հետ կապված հարցեր են քննարկվել Երևանի քաղաքապետ Տարոն Մարգարյանի հրավիրած աշխատանքային խորհրդակցության շրջանակում, որին մասնակցել են աշխատակազմի քաղաքաշինության և հողի վերահսկողության վարչության, ինչպես նաև հասարակական կարգի պահպանության ծառայության աշխատակիցները:Այս մասին հայտնում են Երևանի քաղաքապետարանի լրատվության և հասարակայնության հետ կապերի վարչությունից:
Անդրադառնալով մասնավորապես ապօրինի շինարարության կանխարգելման խնդրին՝ քաղաքապետ Տարոն Մարգարյանը հանձնարարել է խստորեն վերահսկել գործընթացն ու հայտնաբերվող յուրաքանչյուր դեպքի մասով կիրառել օրենքով սահմանված խիստ պատժամիջոցներ. «Այս հարցում մեր դիրքորոշումը մշտապես լինելու է կոշտ և անհանդուրժողական, քանի որ քաղաքապետարանը հանարավորին պարզեցրել ու հեշտացրել է օրինական շինթույլտվություններ ստանալու ընթացակարգը: Եվ հենց այս տեսանկյունից է, որ ձեզանից յուրաքանչյուրը պետք է չհանդուրժի որևէ տեսակի ապօրինաշինություն: Ի դեպ, կանխարգելելը չի նշանակում միայն գնալ ու քանդել ապօրինի կիսակառույցը: Քաղաքացիների հետ աշխատանքներ տարեք ու մարդկանց իրազեկեք, որ ապօրինի շինությունները քանդելուց բացի, քաղաքացին նաև ֆինանսական տույժի է ենթարկվում, մինչդեռ կարող է այդ ամենից խուսափել, եթե առաջնորդվի օրենքով սահմանված կարգով», - ընդգծել է Տարոն Մարգարյանը:
Հաշվի առնելով հանգամանքը, որ մայրաքաղաքում, բարենպաստ եղանակով պայմանավորված, նկատվում է բացօթյա ապօրինի առևտրի աշխուժացում, քաղաքապետը հասարակական կարգի պահպանության ծառայության աշխատակիցներին հանձնարարել է առավել աչալուրջ և հետևողական լինել նաև նման երևույթները կանխարգելելու և բացառելու ուղղությամբ: