25-03-2014 14:15

Այսօր լրանում է Անդրանիկ Մարգարյանի մահվան 7-րդ տարին

Այսօր լրանում է նախկին վարչապետ, ՀՀԿ նախկին նախագահ Անդրանիկ Անդրանիկ Մարգարյանի մահվան 7-րդ տարին, այս առիթով Երևանի Կոմիտասի անվան պանթեոնում հարգանքի տուրք մատուցվեց նրա հիշատակին: Պանթեոն այցելեցին նրա կուսակցական, մարտական ընկերները, հարազատները, օրենսդիր և գործադիր մարմինների ներկայացուցիչներ՝ ՀՀ վարչապետ Տիգրան Սարգսյանի և ՀՀ Ազգային ժողովի նախագահ Հովիկ Աբրահամյանի գլխավորությամբ:
«Հայ ժողովուրդն այսօր հավաքվել է այստեղ, և դա պատահական չէ, որովհետև մեր մեծերը հեռանալով մեզնից՝ մնում են մեզ հետ, մեր սերունդների հետ, որովհետև նրանք խոսքեր են ասել, գործեր են արել, որոնք ժամանակի համար չեն, այլ հավերժի համար են: Եվ ամեն անգամ մենք գալով այստեղ՝ փորձում ենք մեզ մեկ անգամ ևս տալ այն հիմնական հարցը, որ յուրաքանչյուր մարդ պետք է տա իրեն ցանկացած օր՝ արդյո՞ք ինքն արժանի է այն հիշատակին, որը թողել է մեզ Անդրանիկ Մարգարյանը»,-ասաց ԱԺ «Հանրապետական» խմբակցության անդամ Գագիկ Մինասյանը լրագրողների հետ զրույցում:
Երջանկահիշատակ վարչապետի շիրիմին ծաղկեպսակներ էր դրված նաև ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանի, ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի և այլոց անունից։
Հարակ է նշել, որ Անդրանիկ Մարգարյանը ծնվել է 1951թ հունիսի 12-ին, Երևանում: 1967-1972թթ. նա սովորել է Երեւանի պոլիտեխնիկական ինստիտուտի տեխնիկական կիբեռնետիկայի ֆակուլտետում` ստանալով հաշվիչ մեքենաների ինժեների որակավորում: Աշխատել է ամենատարբեր մարմիններում՝ որպես ինժեներ, գիտաշխատող, էլեկտրոնիկայի բաժնի վարիչ, ինֆորմացիայի բաժնի ղեկավար :1995թ ընտրվել է պատգամավոր, իսկ 2000-2007թթ եղել ՀՀ վարչապետ: 2007թ. մարտի 25-ին հանկարծամահ է եղել սրտի կաթվածից: