Բավ է պառակտվել
17-06-2014 15:46

«Հայաստանի տարածքի 32 տոկոսն անապատացվում է».մասնագետ

Այսօր Անապատացման դեմ պայքարի միջազգային օրն է: 1995թ. Միավորված Ազգերի կազմակերպությունը հռչակեց հունիսի 17-ը որպես անապատացման և երաշտի դեմ պայքարի միջազգային օր՝ անապատացման և երաշտի սպառնալիքների և հետևանքների իրազեկությունը բարձրացնելու նպատակով: Այս առիթով այսօր երևանյան մամուլի ակումբներից մեկում հրավիրված ասուլիսի ընթացքում բնապահպանության նախարարության կենսառեսուրսների կառավարման գործակալության պետի տեղակալ, ՄԱԿ-ի անապատացման դեմ պայքարի կոնվենցիայի ազգային համակարգող Աշոտ Վարդևանյանը նշեց, որ ՄԱԿ-ի Անապատացման դեմ պայքարի կոնվենցիային միացել է 193 երկիր, այդ թվում նաև Հայաստանը, այսինքն բոլոր այդ երկրներում անապատացաման հետ կապված բազմաթիվ խնդիրներ կան: «Մեր երկիրն ունի չոր և կիսաչոր տարածքներ և այդ առումով անապատացման երևույթները հստակ արտահայտվում են»,-նշեց բանախոսն ու մանրամասնեց թե որոնք են անապատացման պատճառները. «Պատճառը երեքն է՝ անտառների հատում, հատկապես ապօրինի անտառհատում, գերարածեցում, գյուղատնտեսության ոչ ճիշտ կիրառում»:
Քննարկմանը ներկա բնապահպան Ինգա Զառաֆյանն էլ նշեց, որ տասը տարի շարունակ ոլորտի պատասխանատուները նշում են, որ Հայաստանի ավելի քան 81 տոկոսը անապատացմանը ենթարկվող տարածքներ են: «Հայաստանում կատարվում են գործընթացներ՝ հանքարդյունաբերության ոլորտում հանքանյութերի արդյունահանման ավելացում, փոքր ՀԷԿ-երի զարգացում, որոնք բերում են իրենց շրջակայքում անապատացում»,-ասաց բնապահպանն ու վերջինիս խեսքին Պարոն Վարդևանյանը, հավելեց, թե այսօր Հայաստանի տարածքի 81 տոկոսը դեգրադացվում է՝ տարբեր աստիճանի, իսկ 32 տոկոսն անապատացվում է:
«Վերջին վեց-յոթ տարիներին մոտ երեք հազար հեկտար ընդերքի օգտագործման համար հատկացված տարածքներն ավելացել են: Դրա հետ մեկտեղ ավելացել են նաև մեր այգիների տարածքները՝ մոտ հինգ հազար հեկտարով, արոտավայրերն ընդլայնվել են քսան հազար հեկտարով»,- ասաց բնապահպանության նախարարության ներկայացուցիչը: