Բավ է պառակտվել
29-03-2014 17:26

Այսօր մեկ ժամով, 154 պետություն, այդ թվում նաև Հայաստանը կանջատեն էլեկտրամատակարարումը

Հայաստանն արդեն 6–րդ անգամ մասնակցում է «Մոլորակի ժամ» համաշխարհային ամենամյա ակցիային, որի նպատակն է հասարակությանը, բիզնես աշխարհին, համայնքներին և այլ շահագրգիռ կողմերին միավորել հոսանքից մեկ ժամով չօգտվելու գաղափարի շուրջ՝ հանուն Երկիր մոլորակի կենսական պայմանների և ռեսուրսների պահպանման։ Ամբողջ աշխարհում այն տեղի կունեն այսօր՝ մարտի 29–ին՝ ժամը 20:30–ից մինչև 21:30–ը, և այս տարի ակցիային մասնակցելու են աշխարհի ավելի քան 154 պետություններ` մոտ 7000 քաղաքներով։ Երևանի քաղաքապետարանի ներկայացուցիչ Սամվել Գաբրիելյանն ասաց, թե 2008 թվականից Երևանի քաղաքապետարանը մասնակցում է այս ակցիային, և այս տարի էլ քաղաքապետի հրամանով այսօր մեկ ժամով կանջատվի քաղաքի արտաքին լուսավորությունը։ ՀՀ Բնապահպանման նախարարության ներկայացուցիչ Արմեն Վարդանյանն ասաց, թե այս ակցիայի նպատակը մարդկության ուշադրությունը բնության խնդիրներին հրավիրելն է, և բնապահպանության նախարարությունը մշտապես մասնակցում է նմանատիպ ակցիային։ «Կոչ եմ անում պետական մարմիններին և մասնավոր սեկտորին մասնակցել այս ակցիային»,– ասաց նա։ ՀՀ Էներգետիկայի և բնական պաշարների նախարարության ներկայացուցիչ Հրաչ Ծուղունյանն իր խոսքում ասաց, որ առանց էլեկտրաէներգիայի չենք կարող ո՛չ արդյունաբերություն ունենալ, ո՛չ էլ գոյատևել, հետևաբար, ըստ նրա՝ նմանատիպ ակցիաների նպատակն այն է, որ մեր սերունդներին փոխանցենք հնարավորինս «կանաչ» էներգիա և մաքուր երկիր։  Բնության համաշխարհային հիմնադրամի հայաստանյան մասնաճյուղի տնօրեն Կարեն Մանվելյանն էլ իր հերթին նշեց, թե հիմնական նպատակը ոչ թե միայն կլիմայի մասին հոգալն է, այլ այն, որ մարդկանց տեղյակ պահեն և մասնակից դարձնեն նման գաղափարներին։ Բացի լույսերի խորհրդանշանական մարումից, այս տարի Երևանում երիտասարդ ակտիվիստների նախաձեռնությամբ և WWF հայաստանյան մասնաճյուղի աջակցությամբ տեղի կունենա հեծանվային ֆլեշ–մոբ երթ, որի նպատակն է հասարակությանը ներգրավել «Մոլորակի ժամը» ակցիային՝ խթանելով այլընտրանքային տրանսպորտի օգտագործման ծավալների ավելացումը։