Բավ է պառակտվել
12-06-2014 20:12

Ակտիվիսները Արմեն Աշոտյանին հորդորում են ֆեյսբուքից դուրս գալ ու սատարել մանկավարժներին

Այսօր «Դ!ԵՄ ԵՄ» նախաձեռնության անդամները կազմակերպել են «սատարման երթ»՝ ի պաշտպանություն բոլոր այն քաղաքացիների, ովքեր ենթարկվում են գործատուների կողմից ճնշումների:Կորյուն փողոցում ոստիկանները թույլ չեն տվել մասնակիցներին առաջ շարժվել:

Ըստ ակտիվիստների՝ ոստիկանները սադրել են: Երթի մասնակիցները վանկարկել են «Ամո՛թ, ամո՛թ»:

Ոստիկանները թույլ են տվել երթը շարունակել այն բանից հտո, երբ երթի մասնակիցները նստել են ասֆալտին ու փակել են երթևեկությունը:

Երթի մասնակիցներն իրենց հետ տարել են անձնագրեր, ինչը, նրանց խոսքով՝ խորհրդանշում է ՀՀ քաղաքացի լինելը:

Նրանք նաև պաստառներ են պարզել կրթության և գիտության նախարար Արմեն Աշոտյանի, Երևանի քաղաքապետ Տարոն Մարգարյանի և աշխատանքի ու սոցիալական հարցերի նախարար Արտեմ Ասատրյանի նկարները: «Աշոտյա՛ն, FB-ից log out եղի՛ր, մտիր՛ իրականություն», «Տարո՛ն, սիրուն չի մանկավարժին ճնշելը», «Այդպես էլ չհասկացավ Արտեմը…». նման գրառումներ են արել երթի մասնակիցները պաշտոնյաների նկարների տակ:

Իսկ ահա Առողջապահության նոր նախարար Արմեն Մուրադյանի նկարի տակ էլ գրված է՝ «բժիշկ, թե՞ բռնապետ»:

«Դ!ԵՄ ԵՄ» թիմի անդամ Դավիթ Մանուկյանը լրագրողների հետ զրույցում ասել է, որ պետական ապարատում ճնշումները համատարած են, սակայն հիմնական ճնշումները կրթական ոլորտում են:

Նան նշեց, որ ակցիային մասնակցում են նաև ուսուցիչներ, ու թեև նրանք թվով հինգ հոգի են, դա ևս հերոսություն է:
Դիմելով ԿԳ նախարար Արմեն Աշոտյանին՝ Դավիթ Մանուկյանն ասաց. «Պարո՛ն կրթության նախարար, ուշադրություն դարձրեք, շատ ամոթ է: Կրթությունն ու ճնշումն իրար հետ ոչ մի առնչություն չունեն»: