29-08-2016 14:16

Երևանում կալանավորված ՌԴ քաղաքացու փաստաբանները ՀՀ-ում գործունեության թույլատվության հայտ են ներկայացրել

Երևանում կալանավորված Ռուսաստանի քաղաքացի Սերգեյ Միրոնովի մոսկովյան երկու փաստաբանները դիմել են Հայաստանի Փաստաբանների պալատ` հանրապետության տարածքում գործունեության թույլտվություն ստանալու համար:

«Փաստաբանների պալատ են դիմել փաստաբաններ Կարեն Ներսիսյանը և Ռուբեն Կիրակոսյանը: Փաստաբան Կ. Ներսիսյանի հավաստագրման տրամադրումը քննարկվելու է Փաստաբանների պալատի խորհրդի առաջիկա նիստին: Փաստաբան Ռուբեն Կիրակոսյանը նախկինում Հայաստանում գործունեություն է ծավալել, և նրան անհրաժեշտ է ընդամենը վերականգնել նախկին հավաստագրումը», - հաղորդում է Հայաստանի Փաստաբանների պալատը:

Ավելի վաղ Հայաստանի ոստիկանության մամուլի ծառայությունը հայտնել է, որ Ս. Միրոնովը մեղադրվում է ԱՄՆ ՔՕ մի շարք հոդվածներով:

«Օգոստոսի 26-ին ժամը 16.30-ին ոստիկանության քրեական հետախուզության գլխավոր վարչության և «Զվարթնոց» օդանավակայանի գծային բաժնի ծառայողների կողմից «Զվարթնոց» օդանավակայանում հայտնաբերվել և ՔՀԳՎ բերման է ենթարկվել ՌԴ քաղաքացի, 1986 թ. ծնված Սերգեյ Միրոնովը, որը 2016 թ. մայիսի 11-ից միջազգային մակարդակով հետախուզվում է ԱՄՆ իրավապահ մարմինների կողմից», - նշվում է ՀՀ ոստիկանության հաղորդագրության մեջ:

Հաղորդագրության համաձայն, Ս. Միրոնովը մեղադրվում է ԱՄՆ ՔՕ-ի 18-րդ գլխի 371-րդ և 3155-րդ հոդվածների (զենքի արտահանման վերահսկման օրենքը խախտելու նախնական համաձայնություն), 22-րդ գլխի 2778-րդ «b» կետի 2-րդ մասի և «c» կետի, 18-րդ գլխի 2-րդ և 3551-րդ հոդվածի (զենքի արտահանման վերահսկման մասին օրենքի խախտման փորձ), 18-րդ գլխի 1956-րդ հոդվածի «h» և «a» կետերի և 3551-րդ հոդվածի (փողերի լվացման նախնական համաձայնություն), 18-րդ գլխի 1956-րդ հոդվածի «a» կետի 2-րդ մասի և 3551-րդ հոդ (փողերի լվացում) հատկանիշներով նախատեսված հանցագործություն կատարելու համար:

«Խափանման միջոց է ընտրվել կալանքը: Ս.Միրոնովը տեղափոխվել է ՀՀ ոստիկանության Երևան քաղաքի վարչության ՁՊՎ, նրա հայտնաբերման մասին հայտնել են ՀՀ գլխավոր դատախազություն և ՀՀ-ում Ինտերպոլի ԱԿԲ», - նշել են ոստիկանությունից:

Սերգեյ Միրոնովն աշխատում է որպես ծրագրավորող «Գենեզիս» բելառուսական հեռահաղորդակցական ընկերության մոսկովյան ներկայացուցչությունում, որը համացանցի միջոցով զբաղվում է արբալետների և որսորդական հրացանների վաճառքով։ ԱՄՆ–ի իրավապահ մարմինները Սերգեյ Միրոնովին մեղադրում են կայքի միջոցով զենք վաճառելու մեջ։

Նրա փաստաբան Կարեն Ներսիսյանի խոսքով, «նա ժամանել է Երևան կնոջ հետ, և նրան ձերբակալել են Հայաստանի սահմանապահ ծառայության աշխատակիցները: Ինչպես պարզվել է, Սերգեյը հետախուզվում էր Ինտերպոլի կողմից` ԱՄՆ պահանջով»:

Հայաստանի փաստաբանների պալատից հաղորդել են նաև, որ Ս. Միրոնովին հանրային պաշտպանը Լիանա Գասպարյանն է: