14-09-2016 14:55

Փաստաբան. Միրոնովի գործում գերակշռում էր Հայաստանի օրենքը

ՌԴ քաղաքացի Սերգեյ Միրոնովի գործով հայկական դատարանի որոշումը կայացվել է օրենքի շրջանակում, չորեքշաբթի լրագրողներին ասաց Միրոնովի փաստաբան Վրեժ Խաչիկյանը:

Հայաստանի ոստիկանության տվյալներով, օգոստոսի 26-ին ժամը 16:30-ին ոստիկանության քրեական հետախուզության գլխավոր վարչության և «Զվարթնոց» օդանավակայանի գծային բաժնի ծառայողների կողմից «Զվարթնոց» օդանավակայանում հայտնաբերվել և ՔՀԳՎ բերման է ենթարկվել ՌԴ քաղաքացի, 1986 թ. ծնված Սերգեյ Միրոնովը, որը 2016 թ. մայիսի 11-ից միջազգային մակարդակով հետախուզվում է ԱՄՆ իրավապահ մարմինների կողմից։ Սերգեյ Միրոնովին կասկածում էին «Գենեզիս» ընկերության միջոցով զենքի առևտրի մեջ։ Հիշեցնենք, որ նա այդ ընկերությունում աշխատում է որպես ծրագրավորող և ցանցային ադմինիստրատոր։

«ԱՄՆ-ի կողմից տրամադրված փաստաթղթերում կար մի կետ, որը բերվում էր որպես նրան ձերբակալելու փաստարկ, այն է` Ինտերպոլի «կարմիր քարտի» առկայությունը: Սակայն չի ներկայացվել փաստաթղթերի ցուցակը, որոնք անհրաժեշտ են Անդրազգային կազմակերպված հանցավորության դեմ կոնվենցիայի և Հայաստանի Քրեակատարողական օրենսդրության պահանջների համապատասխան ձերբակալության համար», - հայտնեց Խաչիկյանը:

«Հայաստանը ԱՄՆ-ի հետ ոչ մի միջազգային երկկողմանի պայմանագիր չունի, մենք իրավական օգնություն ենք տրամադրում միայն Համազգային կազմակերպված հանցագործության դեմ կոնվենցիայի շրջանակում: Միրոնովի գործում Հայաստանի Ընդհանուր իրավասությունների դատարանը իրավունք ուներ կամ բավարարել ձերբակալման միջնորդությունը, կամ մերժել այն», - ասաց փաստաբանը:

Խաչիկյանի խոսքով, տվյալ պահին Միրոնովի փաստաբանները Մոսկվայում դիմել են ՌԴ գլխավոր դատախազություն և Ինտերպոլ` պարզելու համար, թե ինչու մինչ այդ ռուսական կողմը տեղեկություններ չի ստացել, որ ՌԴ քաղաքացին հետախուզվում է ԱՄՆ-ում:

«Տվյալ քրեական գործը բացվել է 2012 թ.-ին, 2014 թ.-ին դրանում նշվել է Միրոնովի անունը, սակայն միայն 2016-ում են նրան սկսել հետախուզել և հայտնի չէ, թե ինչու 4 տարվա մեջ Ինտերպոլի ռուսական գրասենյակը այդ գործի մասին ոչինչ չգիտեր, առավել ևս, որ Միրոնովը ստացել է օտարերկրա վիզա և լքել ՌԴ տարածքը», - ասաց փաստաբանը:

Խաչիկյանը զերծ է մնացել կանխատեսումներ անել` կապված ՀՀ գլխավոր դատախազության` Միրոնովին ազատ արձակելու բողոքարկման վերաբերյալ:

«Մենք դեռևս չենք տեղեկացվել դատական նիստի անցկացման վայրի և ժամանակի մասին: Անկախ նրանից, կընդունվի արդյոք դատախազության բողոքարկումը, թե ոչ, Հայաստանը իրավասու չէ ՌԴ քաղաքացուն ուղարկել ԱՄՆ: Միրոնովը կարող է ժամանել Հայաստան և ներկա գտնվել դատական նիստին, սակայն կարող է նաև պաշտպանել իր իրավունքները փաստաբանների միջոցով. օրենքը նրան չի պարտավորեցնում ներկա գտնվել Հայաստանի դատարանում», - ասաց Խաչիկյանը: