04-04-2016 14:52

Ժամանակն է եկել ճանաչելու Արցախի պետությունը. Զարուհի Փոստանջյան

Ժամանակն է, որ Հայաստանի Հանրապետության խորհրդարանը ճանաչի Արցախի անկախությունը: Այդ մասին այսօր Ազգային ժողովում հայտարարեց ԱԺ «Ժառանգություն» խմբակցության անդամ Զարուհի Փոստանջյանը: «Շատ կարևոր է, որ Արցախի Հանրապետության օրինական իշխանությունները իրենք նստեն բանակցային սեղանի շուրջ, իրենց դիրքորոշումը հայտնեն այդ թվումՙ նաև տարբեր միջազգային ատյաններում», -հավելեց տիկին Փոստանջյանը: Անդրադառնալով ղարաբաղա-ադրբեջանական շփման գծում հակառակորդի սանձազերծած ռազմական գործողություններին, Փոստանջյանն ասաց, որ պետք է ապացույցներ հավաքել ու թույլ չտալ, որ կրկնվեն Բաքվի և Սումգայիթի դեպքերը: «Այս պարագայում մենք ապացույցներ ունենք և մոտակա շրջանում Եվրոպայի խորհրդի խորհրդարանական վեհաժողովում, ես կարծում եմ, մենք պետք է ունենանք թե բանաձևի նախագիծ, թե հայտարարության նախագիծ այս վայրագ գործողությունների վերաբերյալ՝ ընդհուպ մինչև ԵԽ-ում Ադրբեջանի անդամակցության դադարեցումը: Երբ Ադրբեջանը անդամակցում էր ԵԽ-ին, ուներ հստակ պարտավորություն՝ զերծ մնալ ագրեսիայից ու ուժի կիրառումից: Տվյալ պարագայում նա խախտել է այդ պարտավորությունները ու դրա ապացույցն էլ կա՝ Ռուսաստանում այդ երկրի դեսպանի հայտարարությունը: Այս ապացույցները պետք է հավաքենք ու ներկայացնենք», -հայտարարեց Փոստանջյանը՝ նկատելով, որ Ազգային ժողովում կարելի է խումբ ստեղծել, որը կօգտագործի խորհրդանական լծակները միջազգային ասպարեզում: