30-04-2014 13:40

Թոխմախի գերեզմանատանը վաղը ընդդիմության թաղումն է. Լ. Մութաֆյան

Անդրադառնալով նոր ձևավորվող կառավարությանը և խորհրդարանական ոչ իշխանական ուժերին, թատերագետ Լևոն Մութաֆյանը, հրավիրված մամուլի ասուլիսի ընթացքում նշեց, որ երեկ ԱԺ-ում տեղի ունեցած ընտրություններով մենք թաղեցինք ընդդիմությանը:

՛՛Վաղը Թոխմախի գերեզմանատանը կարող ենք թաղում կազմակերպել և սպասել նոր ընդդիմության ձևավորմանը՛՛,-ասաց Լևոն Մութաֆյանը:

Ըստ նրա,Սերժ Սարգսյանը մեկ անգամ ևս ապացուցեց, որ իրեն ոչ թե կառավարողներ, այլ միլիոնատերերի ակումբ ձևավորելն է պետք:
Մութաֆյանը նշեց, որ ինքը նայել է նախարարների կենսագրությունները և տեսել, որ նրանց մեծ մասը 47-50 տարեկան են:
՛՛Սա արդեն ծերացող կառավարություն է: Այս կառավարությունը որևէ հույս չի ներշնչում, քանի որ ի սկզբանե հայտարարվեց, որ շարունակվելու է այն ծրագիրը, որը կյանքի էր կոչել էքս վարչապետ Տիգրան Սարգսյանը՛՛,-ասաց թատերագետն ու հավելեց, որ նրանք, ովքեր նոր են նշանակվել կամ պետք է նշանակվեն, որևէ հույս չեն ներշնչում, քանի որ ոչ թե հաշվի է առնվում նրանց մասնագիտական հատկությունները, այլ խնամիական հարաբերությունները: Իշխանությունների ցինիզմը շարունակվեց նաև նոր կառավարության ձևավորման հարցում:

Անդրադառնալով ոչ իշխանական ուժերի գործողություններին, Լևոն Մութաֆյանը նշեց, թե ինքն ի սկզբանե համոզված է եղել, որ գործ ունենք մեծ թատերաբեմի հետ:

՛՛Պարզվեց, որ ոչ իշխանական ուժերի պայքարը ոչ թե գաղափարների շուրջ էր, այլ դա Տիգրան Սարգսյանին Հովիկ Աբրահամյանով փոխելու պայքար էր: Ցավոք, մեր քաղաքական դաշտում իշխանական պրոյեկտները շատ են, նույնիսկ ենթադրություն ունեմ, որ «Դ!ԵՄ ԵՄ» շարժումը ևս իշխանական է՝ ժողովրդի ուշադրությունը շեղելու Մաքսային միությանն անդամակցելու հարցից՛՛,-նշեց բանախոսը:

Ասուլիսի մյուս բանախոս՝ Նախախորհրդարանի անդամ Վարդան Հակոբյանն ասաց, թե ընդհանուր առմամբ կողմ է Լևոն Մութաֆյանի ասածների հետ, բացառությամբ՝ «Դ!ԵՄ ԵՄ» շարժման վերաբերյալ հնչեցրած կարծիքի:

՛՛Նոր կառավարություն չկա, սա հնի թարմացումն է՝ ռետուշ արած՛՛,-ասաց Վարդան Հակոբյանը: