28-10-2016 10:09

Առաջիկա շաբաթների ընթացքում Սարգսյան-Ալիև հանդիպում չի նախատեսվում. Շարմազանով

ՀՀԿ ԳՄ երեկվա նիստում քննարկվել է ԵԱՀԿ մինսկի խմբի համանախագահների տարածաշրջան սպասվելիք այցը: Լրագրողների հետ զրույցում ասաց ՀՀԿ խոսնակ Էդուարդ Շարմազանովը

Համանախագահներից Ջեյմս Ուորլիքը «Ինտերֆաքսին» ասել էր, որ Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը պատրաստակամ է հանդիպել ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանի հետ: Լրագրողների հարցին, թե Սերժ Սարգսյանը պատրա՞ստ է հանդիպել Ալիևի հետ, ՀՀԿ խոսնակ Էդուարդ Շարմազանովը պատասխանեց, որ Նախագահի և Ալիևի հանդիպման վերաբերյալ որևէ բան չի կարող ասել:

«Բայց կարող եմ ասել, որ առաջիկա ժամանակահատվածում, առաջիկա շաբաթների ընթացքում նման հանդիպում չի նախատեսվում: Ապագայում հնարավոր է, թե՝ ոչ, կապրենք՝ կտեսնենք: Մենք ունենք մեր հստակ կարծիքը՝ պետք է Վիեննայի և Սանկտ-Պետերբուրգի պայմանավորվածությունները կյանքի կոչվեն: Ադրբեջանը, դժբախտաբար, արհամարհում է այդ պայմանավորվածությունները՝ դիվերսիոն գործողություններ իրականացրեց, երեկ մենք զոհ ունեցանք սահմանագծում: Կարծում եմ միջազգային հանրությունը, առաջին հերթին մեր հարգարժան համանախագահ գործընկերները, պետք է հասցեական գնահատականով հանդես գան և ստիպեն ադրբեջանցիներին հարգել իրենց իսկ ստանձնած պարտավորությունները»,- ասաց նա։

Շարմազանովը նորից կրկնեց դիրքորոշումները ԼՂՀ խնդրի կարգավորման վերաբերյալ. «ա)՝ Լեռնային Ղարաբաղի ժողովուրդն ինքը պետք է լինի իր ճակատագրի դարբինը, բ)Լեռնային Ղարաբաղը պետք է լինի անկախ պետություն, և որևէ կարգավիճակով չի կարող լինել Ադրբեջանի կազմում, սա փաստ է: Այլևս անցյալին նայել հնարավոր չէ, մենք բոլորս միասին պետք է նպաստենք Լեռնային Ղարաբաղի միջազգային ճանաչմանը»: