14-06-2016 08:18

ՀՀ ԶՈւ-ն կաշկանդված չէ այլ պետությունների ՀՕՊ համակարգերի հետ համագործակցելուց

Ռուսաստանի հակաօդային պաշտպանության համակարգին միանալու համաձայնագրի առթիվ մտահոգություններին ի պատասխան ԱԺ փոխխոսնակ Էդուարդ Շարմազանովը վստահեցրեց, թե համաձայնագիրը «մեր երկրի անկախության հաշվին չէ»:

«ՀՀ Զինված ուժերը կաշկանդված չեն այլ պետությունների ՀՕՊ համակարգերի հետ համագործակցելու»,-վստահեցրեց Շարմազանովը։

Ըստ նրա՝ դա ամրապնդում է Հայաստանի անվտանգությունը: Այն ոչ թե միասնական, այլ միավորված համակարգ է։

«Եթե Ղազախստանն ու Բելառուսը Ռուսաստանի հետ կնքել են միասնական համակարգի մասին պայմանագիր, որով նրանց զինված ուժերը ենթարկվում են միասնական հրամանատարությանը, մենք ունենք միավորված համակարգ, որտեղ համապատասխան պաշտոնյան ենթարկվում է բացառապես ՀՀ զինված ուժերի ՀՕՊ հրամանատարին, իսկ նա էլ իր հերթին ենթարկվում է ՀՀ գերագույն գլխավոր հրամանատարին, և խաղաղ պայմաններում որևէ միջամտություն չկա: Հայաստանի Զինված ուժերն ու ԶՈւ ՀՕՊ համակարգն այս պայմանագրով լիովին պահպանում են իրենց ինքնիշխանությունը և ինքնուրույնությունը»,-ասաց նա։

Շարմազանովի վստահեցմամբ՝ համաձայնագիրը Հայաստանի և Արցախի ՀՕՊ համակարգի հետ որևէ կապ չունի:

«Սա մեծ հնարավորություն է տալիս հայկական կողմին օգտվելու այն մեծ հնարավորություններից, որն ունի Ռուսաստանի ՀՕՊ համակարգը: Էնպես որ, ես միայն պլյուսներ եմ տեսնում, մինուսներ չեմ տեսնում»,-ասաց Շարմազանովը:

Նշենք, որ «Մենք ենք տերը մեր երկրի» նախաձեռնության անդամները Ազգային ժողովի մուտքի մոտ պահանջելում էին կանխել Ազգային ժողովի կողմից «Հայաստանի Հանրապետության և Ռուսաստանի Դաշնության միջև Հավաքական անվտանգության կովկասյան տարածաշրջանում հակաօդային պաշտպանության միավորված տարածաշրջանային համակարգ ստեղծելու մասին» համաձայնագրի վավերացումը, սակայն հարցը օրակարգ չմտավ: