20-11-2015 13:39

ԼՂՀ-ի հետ կապված որեւէ հարց չի կարող լուծվել առանց Արցախի ժողովրդի համաձայնության.ԱԳՆ

Ղարաբաղի հետ կապված որեւէ հարց չի կարող լուծվել առանց Արցախի ժողովրդի համաձայնության: Այս մասին  նշել է Հայաստանի ԱԳ նախարար Էդվարդ Նալբանդյանը՝ անդրադառնալով ռուսական «Կոմերսանտ» թերթի հրապարակմանը, որը վկայակոչելով բանակցություններին մոտ կանգնած իր աղբյուրը, տեղեկացրել էր, թե Լավրովի Երեւան այցի հիմնական հարցերից մեկը վերաբերել է տարածքային զիջումներին: «Ես նախընտրում եմ խուսափել ասեկոսեների մակարդակով հնչող եւ իրականության հետ կապ չունեցող լուրեր մեկնաբանելուց: Այդպիսի տեղեկություններ տարածողները հիշեցնում են հայտնի ասացվածքը՝ լսել են զանգի ձայնը, բայց չգիտեն, թե որտեղից է: Ռուսաստանի արտգործնախարարի հետ մամլո ասուլիսի ժամանակ մենք թվարկեցինք այն թեմաներն ու ոլորտները, որոնք քննարկման առարկա էին եղել մեր միջեւ, դրանց թվում նշելով նաեւ Լեռնային Ղարաբաղի հիմնախնդրի կարգավորման գործընթացը»,-ընդգծել է ԱԳ նախարարը՝ հավելելով. «Այլ հարց է, երբ մամուլը փորձում է այդ քննարկումներին վերագրել մտացածին տարրեր, երբ մամուլը վկայակոչում է իր՝ այսպես կոչված բանակցություններին մոտ կանգնած աղբյուրը։ Ես հալած յուղի տեղ չէի ընդունի դա: Դժվար է պատկերացնել, թե ինչ աղբյուրի վրա կարող են հղում կատարել՝ նկատի ունենալով, որ բանակցություններն ընթանում են բարձր մակարդակով եւ նեղ ձեւաչափով»: Նալբանդյանը խորհուրդ է տվել նման նուրբ հարցերի վերաբերյալ մեկնաբանություններ անելիս հենվել պաշտոնական տեղեկատվության վրա: «Մինսկի խմբի համանախագահ երկրների նախագահները հինգ հայտարարություններ են արել ղարաբաղյան հիմնախնդրի կարգավորման վերաբերյալ։ Նրանք ներկայացրել են մեկ ամբողջություն, կընդգծեի՝ մեկ ամբողջություն հանդիսացող սկզբունքներ եւ տարրեր, որոնց վրա պետք է հիմնված լինի ԼՂ հիմնահարցի հանգուցալուծումը: Պարզ համեմատությունը ցույց է տալիս, որ մամուլում հրապարակվածը չի համապատասխանում համանախագահ երկրների ղեկավարների հրապարակած հիմնախնդրի կարգավորման վերաբերյալ մոտեցումներին: Հիմա, ինչպե՞ս եք կարծում, ո՞րն է առավել վստահություն ներշնչում, այն, ինչը հրապարակվել է համանախագահ երկրների նախագահների անունից, թե՞ մամուլում տեղ գտած ասեկոսեները: Կարծում եմ, այստեղ երկու կարծիք լինել չի կարող»,-ընդգծել է նա: